Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:30 06-04-2026

Հայկ Սարգսյանն էլի մերժվեց, Փաշինյանը եղբայրը չէ, Քոչարյանի բարձրակարգ տղան չի ծառայել․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 6-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

ՔՊ-ական պատգամավորներն այսօր հերթական անգամ մերժեցին Հայկ Սարգսյանին, նրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն այսօր հանձնաժողովում տապալվեց: Իշխանական անդամները դեմ քվեարկեցին իրենց կուսակցի նախագծին: Հայկ Սարգսյանի այս նախագիծը, որով առաջարկվում է փողի դիմաց կարճ ծառայել կամ չծառայել, կառավարության նիստում անցած տարի հավանության էր արժանացել: Անցած տարի հանձնաժողովի նիստում իր թիմակիցներից միայն Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր ձեռնպահ քվեարկել, այս անգամ բոլորը դեմ քվեարկեցին: Հայկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանին մեղադրեց այս տապալման համար, ու շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը կողմ է եղել իր նախագծին: «Կառավարությունը դրական եզրակացություն է տվել, վարչապետին է չէ՞ նշում՝ կառավարությունը ես եմ, չէր կարող, չէ՞, ինքը դեմ լիներ ու կառավարությունը դրական եզրակացություն տար», - ասել է պատգամավորը: Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Անդրանիկ Քոչարյանն իր քվեարկությամբ, դեմ դուրս եկավ Փաշինյանին, պատգամավորն արձագանքել է. «Իմ ասածից նաև այդպես կարող եք եզրահանգել»,- ասաց նա՝ հավելելով, որ հիասաթափված է թիմակիցների պահվածքից։ Սարգսյանը նշել է նաև, որ մինչև իշխանափոխությունը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել է շատ ջերմ, ընկերական հարաբերություններ։ «Ես իրեն համարել եմ ինձ հարազատ եղբայր, իմ ավագ եղբայր ու մենք այդպես ենք հարաբերվել։ Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չէր կարող շարունակվել, որովհետև եթե դու չես կարող քո ընկերոջ ամեն պահ զանգել, կապը կորում է ու այդ ընկերությունը չի կարող շարունակվել, ու ես դա ու նորմալ եմ համարում։ Եթե առաջիկա 10-20-30 տարվա ընթացքում կլինի մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, մենք էլի կլինենք ընկերներ, այժմ մեր ընկերությունը փաստացի չի շարունակվում, այսինքն կա ընկերությունը, բայց չի շարունակվում»,– ասաց նա։

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի տղան պարզվում է բարձրակարգ տղա է ու իր գիտելիքներիհամար չի ծառայել բանակում։ «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի»,- Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագծի քննարկումից հետո ասել է Քոչարյանը՝ հաստատելով, որ որդին չի ծառայել բանակում։ Նա լրագրողներին կոչ է արել է այդ հարցն ուղղել ՀՀ Գլխավոր դատախազին։ Անդրադառնալով լրագրողի չծառայելուն՝ Անդրանիկ Քոչարյանը ասաց, որ անպայման հարցում կկատարի պատճառը ճշտելու համար:

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը, ով կալանավորվել էր Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել է, որ տղայի առողջական վիճակում դրական դինամիկա չկա, երեկ անգամ բացասական դինամիկա է եղել, գլխապտույտ ուներ, չէր կարողանում բարձրացնել գլուխը, այսինքն՝ արտաքին տեսանկյունից ավելի վատ էր։ Դավիթ Մինասյանի տեսակցությունները շարունակում են փակ լինել՝ անգամ հիվանդանոցային պայմաններում, նրա մայրը չի կարողանում տեսակցել նրան։ Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին, ապա այն դեռևս չի մակագրվել։ Դավիթ Մինասյանի դասընկերներն ու նրանց ծնողները հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց և նամակով դիմել Աննա Վարդապետյանին՝ նշելով, որ տղայի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և այս պահին նա գտնվում է հիվանդանոցում։ «Նրա կյանքը և առողջությունը իրական վտանգի մեջ են և բժիշկների մշտական հսկողության կարիքն ունեն։ Այս իրավիճակում նրա նկատմամբ կիրառված կալանքը մարդկային տեսանկյունից դառնում է ծայրահեղ ծանր և անհամաչափ միջոց։ Մենք հավատում ենք, որ այսպիսի հանգամանքներում առաջնայինը պետք է լինի մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը։ Դավիթ Մինասյանը բարեխիղճ, կիրթ, պատասխանատու աշակերտ է, որը մշտապես աչքի է ընկել իր դրական վարքով, կրթության նկատմամբ լրջությամբ և շրջապատի հանդեպ հարգանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոցը մեծ անհանգստություն է առաջացրել ինչպես դպրոցական համայնքում, այնպես էլ հասարակության լայն շրջանակներում։ Մենք համոզված ենք, որ Դավիթ Մինասյանը հանրային վտանգ չի կարող ներկայացնել և արժանի է արդար ու մարդասիրական վերաբերմունքի։ Խնդրում ենք վերանայել նրա նկատմամբ կիրառված կալանքի խափանման միջոցը և նպաստել նրա ազատ արձակմանը՝ հաշվի առնելով նրա ծանր առողջական վիճակը և ապահովելով արդարության և իրավականության սկզբունքների պահպանումը»,- ասվում է նամակում։ Մասնակիցները վստահ են, որ Վարդապետյանի կողմից կընդունվի արդար և մարդասիրական որոշում, քանի որ արդարադատությունը պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի տառով, այլև խղճի մտոք։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր: Կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ Երևանում տեղի ունենալիք գագաթաժողովը մեծամասշտաբ միջոցառում է և ունի քաղաքական մեծ նշանակություն Հայաստանի միջազգային հեղինակության համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել գագաթաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման համար, և այսօրվա հանդիպումը միտված է քննարկելու արդեն իրականացված աշխատանքները և հետագա անելիքները: Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ նախապատրաստական աշխատանքները մոտենում են եզրափակիչ փուլին և այս հանդիպման նպատակն է ներկայացնել արդեն իրականացված աշխատանքները, լսել կառավարության ղեկավարի դիտարկումներն ու առաջարկություններն աշխատանքներն ամփոփելու համար: Հաջորդիվ՝ մանրամասներ են ներկայացվել միջոցառման կոնցեպտի մշակման և հայեցակարգային պլանավորման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել բովանդակային և կազմակերպչական այլ հարցերի, այդ թվում՝ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածությանը, լոգիստիկ հասանելիության ապահովմանը և այլն: Ծավալվել է քննարկում վերոնշյալ հարցերի շուրջ: Նշվում է, որ Փաշինյանը կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը, կոնկրետ հանձնարարականներ տվել տարբեր ուղղություններով հետագա անելիքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել կատարված աշխատանքները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին