Ներքին 6 ամիս առաջ - 17:22 14-03-2026

Պետական աշխատողներին պարգևավճարները կարող են ծառայել որպես ընտրակաշառք․ Արտակ Բեգլարյան

Կառավարությունը մինչև տարվա կես նախատեսում է պետական աշխատողներին հատկացնել ավելի քան 4․6 միլիարդ դրամ պարգևավճար (մոտ 12 միլիոն դոլար)։

Ի՞նչ կարող է նշանակել այս որոշումը, և արդյոք այն կարող է դիտարկվել որպես ընտրակաշառք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական ուժերին բարեգործություն անելն արգելված է։ Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Oragir.News-ի հետ զրույցում մեկնաբանելով այս որոշումը, նշեց, որ նման խրախուսական վճարների հարցը պետք է ունենա հստակ կարգավորում։

«Կարծում եմ՝ պետք է սահմանափակումներ լինեն։ Չենք կարող նույն ձևով համեմատել, ինչպես քաղաքական ուժերի բարեգործության դեպքում է կարգավորումը․ այստեղ պետք է առանձին կարգավորում լինի»,– նշեց նա՝ նկատելով, որ իշխող ուժը ունի լրացուցիչ լծակներ, որոնք կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով։

«Խոշոր առումով իշխող ուժը ունի լրացուցիչ լծակներ, ինչպիսիք, օրինակ, սա է՝ պարգևավճարները, թոշակների բարձրացումը և այլն, որոնք ըստ էության նույն նպատակին են ծառայում։ Ավելի վատն այն է, որ այստեղ օգտագործվում են ոչ թե իրենց սեփական միջոցները, այլ հանրային գումարները՝ քաղաքական կապիտալ ապահովելու համար։ Պարզապես խնդիրն այն է, որ կարծես թե որոշակի իրավական սողանցքներ կան»,-ասաց նա։

Ըստ իրավապաշտապանի, կարևոր է հասկանալ՝ նման ծավալի պարգևավճարներ նախորդ տարիներին եղե՞լ են, թե՞ ոչ։ «Թեև խորությամբ չեմ ուսումնասիրել, դրա համար դժվարանում եմ կտրուկ պնդել։ Բայց եթե իսկապես նախկինում նման ծավալի և նման սկզբունքով պարգևավճարներ չեն եղել, և դրանք լրացուցիչ վճարներ են, ապա ակնհայտ է, որ ընտրությունների նախաշեմին դրանց տրամադրումը կարող է ունենալ ընտրակաշառքի գործառույթ»,-կարծիք հայտնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նման քայլերը կարող են նաև հակասահմանադրական գնահատվել։

«Սա արդեն կարող է դիտարկվել որպես հակասահմանադրական գործողություն։ Նույնիսկ եթե օրենսդրության մեջ բավարար կարգավորում չկա, քաղաքական առումով խնդիրը ակնհայտ է։ Եթե հարցը հասնի Սահմանադրական դատարան և արդար քննվի, վստահ եմ, որ նման գործողությունների արգելքը պետք է գործի»,-նշեց Բեգլարյանը՝ անդրադառնալով նաև թոշակների բարձրացման թեմային։ «Խնդիրը միայն պարգևավճարները չեն։ Կա նաև թոշակների բարձրացումը։ Իհարկե, ընդհանուր առմամբ դա լավ է թոշակառուների համար, բայց այն համատեքստում, որ դա արվել է հապշտապ, այն դեպքում, երբ նման քայլը այս տարվա բյուջեում նախատեսված չէր, և նույնիսկ նախկինում մի քանի անգամ մերժվել էին նման առաջարկները այլ քաղաքական ուժերի կողմից»,-ասաց Արտակ Բեգլարյանը։

Վերջինիս գնահատմամբ, այս ամենը խոսում է մի բանի մասին, որ իշխանությունները բավականին անհանգստացած են։

«Նրանք տեսնում են, որ իրենց վարկանիշը բավականին ցածր է, և իրենց քաղաքական նպատակներին չեն կարող հասնել սովորական ժողովրդավարական մեխանիզմներով։ Այդ դեպքում արդեն շատ մեծ ծավալով անցնում են վարչական ռեսուրսների և հանրային միջոցների կիրառմանը, որպեսզի քարոզչական դաշտում ներկայացնեն դա որպես իրենց հաջողություն», եզրափակեց Արցախի նախկին ՄԻՊ-ը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը