Ներքին 7 ամիս առաջ - 11:13 05-03-2026

Ամերիաբանկը` առաջին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամ

Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում։ Այսպիսով, որպես LFG խմբի անդամ` Ամերիաբանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ:

2006թ-ից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելով՝ LFG ֆինանսական խումբն ընդգրկվում է FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի՝ խմբին միանալուց շուրջ երկու տարի անց։ Սա վկայում է Ամերիաբանկի` խմբում ընդգրկվելու ռազմավարական նշանակության և խմբի ընդհանուր զարգացման մեջ ունեցած էական ներդրման մասին։

LFG խումբն ինդեքսին պաշտոնապես կմիանա 2026թ. մարտի 20-ին՝ շուկաների փակումից հետո: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026թ. մարտի 23-ին։ FTSE 100 ինդեքսում ընդգրկված են այնպիսի առաջատար միջազգային ընկերություններ ֆինանսական և այլ ոլորտներից, ինչպիսիք են HSBC-ն (HSBA), Barclays-ը (BARC), Lloyds Banking Group-ը (LLOY), Rolls-Royce Holdings-ը (RR), Unilever-ը (ULVR), Coca-Cola-ն (CCH, CCEP), AstraZeneca-ն (AZN) և այլն: Իր շուկայական արժեքով LFG-ն առաջ է անցել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Burberry-ն (BRBY) և EasyJet-ը (EZJ):

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է իրադարձության կարևորությունը ոչ միայն բանկի և խմբի, այլև տարածաշրջանի և Հայաստանի համար:

«Սա կարևոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության տեսանկյունից: Լոնդոնի ֆոնդային բորսայի այս ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել մեր զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման շնորհիվ գրանցված արդյունքները: Ընդհանուր առմամբ, FTSE 100-ում ընդգրկվելը նպաստում է Հայաստանի տեսանելիության ու հեղինակության բարձրացմանը։ Այս կարևոր ձեռքբերման առիթով ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր թիմին մեծ նվիրումի ու պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև հաճախորդներին ու գործընկերներին` վստահության և համագործակցության համար»,- ասել է նա։

«FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը թիմերի հետևողական աշխատանքի արդյունքում ստեղծված արժեքի պաշտոնական ճանաչումն է։ Այս նվաճումն ընդգծում է Lion Finance Group-ի ռազմավարության հզորությունը, ինչպես նաև նրա նորարարական, տեխնոլոգիաների վրա հիմնված և հաճախորդակենտրոն մոտեցումը թե' հայկական, թե' վրացական շուկաներում։ Ես կարծում եմ, որ այս ձեռքբերումը կամրապնդի միջազգային ներդրողների հետաքրքրությունը խմբի նկատմամբ և կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, որոնց պրոֆեսիոնալիզմը և համատեղ ջանքերը հնարավոր դարձրին մեր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում», - նշել է Lion Finance Group-ի գործադիր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը