Միտք Ներքին 5 ամիս առաջ - 13:00 27-02-2026

Ինչպես Հայաստանը կդառնա ԵՄ անդամ ռուսական ռազմաբազայով հանդերձ

Մի ժամանակ կարծում էին, թե ջայլամը վախից է գլուխը խոթում ավազի մեջ։ Հետո պարզվեց, որ դա անում է զովանալու համար։

«Մենք որևէ պլան, ծրագրեր չունենք, մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ»,- այս մասին փետրվարի 25-ին, Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս հրավիրելու վերաբերյալ հարցին:

Ի՞նչ կմտածի եվրոպացին Փաշինյանի մասին այս պատասխանից հետո։ Կարո՞ղ է Հայաստանը դառնալ ԵՄ անդամ ռուսական ռազմակայանով հանդերձ։

Լավատեսը կարող է կարծել, թե Փաշինյանը ջայլամություն է անում։ Ռեալիստը ապացույց կունենա, որ Փաշինյանը ռուսական դրածո է։ Իսկ ողջամիտ եվրոպացին կզարմանա, թե անկախության պաշտպանության շարժում սկսած, հիբրիդային սպառնալիքի դեմն առնելու համար ԵՄ-ից փող ստացող, ռուսամետ ուժերին զրո ձայն կանխատեսող Փաշինյանն ինչպե՞ս կարող է ռուսական զորքերը հայրենիքից դուրս հրավիրելու մասին որևէ մտահոգություն չունենալ։

Տրամաբանության խզումն ակնհայտ է։ Եվրոպացին կարող է կարծել, թե Փաշինյանը եվրոպացուն խոտի տեղ է դնում։ Շատերն են հիշում, որ ընդդիմադիր Փաշինյանը ԵՄ դիտորդներին որակում էր «եվրոյոնջա», որ չէին քննադատունում Սերժ Սարգսյանի օրոք ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումները։ Հավանաբար՝ վարչապետ Փաշինյանը շարունակում է եվրոպացիներին առվույտի տեղ դնել։

Նիկոլ Փաշինյանի այս պատասխանը զգայուն է ընկալվելու հատկապես լեհերի կողմից։ Նրանք գուցե կփոշմանեն, որ Փաշինյանին հյուրընկալել են։ Հիշենք, որ 1939-ի սեպտեմբերի 1-ին նացիստական Գերմանիան և ԽՍՀՄ-ը, նախապես պայմանավորվելով՝ ներխուժեցին Լեհաստան ու զավթեցին այն։ Երկրորդ աշխարհամարտից հետո Արևելյան Եվրոպայի երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում, տեղակայվեցին ռուսական զորքեր ու ռուսական դրածո վարչախմբեր ձևավորվեցին։ 1956-ին Պոզնանի ապստամբության առաջին պահանջը Լեհաստանից ռուսական զորքերի դուրս բերումն էր։ «Իվա՛ն, գնա՛ տուն» պաստառն էր լեհերի ձեռքին։ Լեհաստանի պատմության մեջ 1939-1989-ին Լեհաստանի ղեկավարի, նախագահի, վարչապետի, նախարարի, քաղաքապետի անուններ չկան, այս շրջանը դասակարգվում է որպես բռնազավթման տարիներ, կառավարությունները՝ դրածո վարչախմբեր, պաշտոնյաները՝ կոլաբորացիոնիստ ու դավաճան։

Այսինքն՝ լեհերը լավ գիտեն՝ ինչ է նշանակում, երբ քո երկրում կան ռուսական զորքեր։ Նրանք, հավանաբար, հայերիս լավատեսորեն համեմատում են իրենց հետ, կարծելով, թե մենք էլ ազգային գիտակցություն ունենք և նույնկերպ կմտածենք ռուսական զավթիչներին մեր հայրենիքից դուրս հրավիրելու մասին։

Բայց Նիկոլ Փաշինյանը սառը ջուր լցրեց լավատես լեհերի գլխին, ասելով, թե ռուսական ռազմաբազան հանելու մասին ծրագրեր չունենք։

Եվրոպացիները, հավանաբար, լուրջ են ընդունում նաև Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը։ Սակայն համադրելով այս ցանկությունը ռուսական զորքերի մասին Փաշինյանի պատասխանի հետ, բացվում է սարսափելի տեսարան։ Ըստ Փաշինյանի՝ ստացվում է, որ Հայաստանը ռուսական ռազմակայանով հանդերձ է ուզում ԵՄ անդամ դառնալ։ Այսպիսի սարսափելի պատկեր պատկերացնելի է, եթե Ռուսաստանը զավթի ամբողջ Եվրոպան, և այդտեղ ռուսական զորքեր տեղակայվեն։ Միայն այս պարագայում է պատկերացնելի, որ ՀՀ-ն ռուսական ռազմաբազայով հանդերձ ԵՄ անդամ կդառնա։ Պարզ չէ՞, թե այս ասոցիացիայի տակ ինչ կմտածի եվրոպացին ու առաջին հերթին լեհը Փաշինյանի ու նրան ընտրողների մասին։

Կարճ ասած՝ ենթադրելի է, որ Փաշինյանի անտրամաբանական պատասխանը ռուսական ռազմակայանի դուրս հրավիրման վերաբերյալ սարսափելի ասոցիացիա կառաջացնի եվրոպացիների մոտ, բացասաբար կանդրադառնա ժողովրդավարական աշխարհի՝ հայ ժողովրդի, նրա ընտրյալի հանդեպ վերաբերմունքի վրա, դրանից բխող աղետալի հետևանքներով հանդերձ։ Իսկ եթե այս պատասխանը դիտենք հունիսի 7-ի լույսի ներքո, ապա կարող ենք նկատել, որ ՔՊ-ն մոտ 10 տոկոս կորցրեց։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից