Ներքին 7 ամիս առաջ - 18:23 23-02-2026

Փաստաբանները կարող են իրավական գնահատականներ ներկայացնել, ինչպես նաև քննադատական խոսք հնչեցնել. Փաստաբանների պալատի պատասխանը՝ ԲԴԽ-ին

Փաստաբանների պալատը դատապարտում է Բարձրագույն դատական խորհրդի՝ փաստաբանների մասնագիտական գործունեության վերաբերյալ հայտարարությունը և արձանագրում, որ փաստաբանների կողմից դատավորների հասցեին սուր քննադատությունները (սակայն ոչ վիրավորական) համատեղելի են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) հետ:

Այս մասին նշված է պալատի խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ են արձանագրվում, որոնք դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։

«Փաստաբանի վարքագծի հետ կապված ցանկացած հարց կարող է քննարկվել բացառապես օրենսդրությամբ և մասնավորապես «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված կառուցակարգերի շրջանակներում: Ուստի պետական մարմինների և հատկապես դատական իշխանությունը ներկայացնող մարմինների կողմից հայտարարությունների ձևաչափով փաստաբանների վարքագծի քննարկումը չի բխում նշված կառուցակարգերի պահանջներից, ինչպես նաև օրենքով սահմանված նրանց լիազորություններից»,- նշված է հայտարարության մեջ։

Շեշտվում է, որ փաստաբանները կարող են փաստաբանական էթիկայի շրջանակում իրավական գնահատականներ ներկայացնել, ինչպես նաև քննադատական խոսք հնչեցնել: Ավելին` որոշ դեպքերում նմանատիպ քննադատական խոսքը փաստաբանական գործունեության բովանդակային տարր է։

Մասնագիտական տիրույթում փաստաբանի հնչեցրած քննադատության վերաբերյալ պետական մարմինների և հատկապես դատական իշխանության ներկայացուցիչների միջամտությունը դուրս է ժողովրդավարական սկզբունքներից։ Այն սահմանափակում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը:

«Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման, անկախ դրա բնույթից, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: Այդպիսի գործողությունները կաշկանդող նշանակություն են ունենում փաստաբանի օրինական մասնագիտական գործունեության հարցում և հանգեցնում են սառեցնող էֆեկտի: Դրանք խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնում են` «Փաստաբանության մասին» օրենքով ամրագրված է, որ իր մասնագիտական գործունեության մեջ փաստաբանը լիազորված և նույնիսկ պարտավոր է առավելագույնն անել օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության համար:

Ուստի Պալատի խորհուրդն անընդունելի է համարում Բարձրագույն դատական խորհրդի՝ փաստաբանության և կոնկրետ փաստաբանի (Արա Զոհրաբյան. խմբ․) մասնագիտական գործունեության կապակցությամբ հրապարակած հայտարարությունը։ Պալատն այն դիտարկում է ոչ իրավաչափ և միջամտություն փաստաբանի անկախությանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան