Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 16:17 20-02-2026

Արցախյան շարժումը խորհրդային 70-ամյա պատմության մեջ աննախադեպ էր իր քաղաքական բնույթով. ՀԱԿ

1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի որոշմամբ ու դրա համազգային արձագանքով սկսվեց համաժողովրդական այն շարժումը, որին վիճակված էր պատմական դեր խաղալ ոչ միայն հայ ժողովրդի ճակատագրում։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

«Արցախյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը խորհրդային 70-ամյա պատմության մեջ աննախադեպ էր իր քաղաքական բնույթով, մասշտաբներով, տեւականությամբ, տոկունթյամբ, հետեւողականությամբ, գործելակերպի անթերիությամբ, միջազգային հնչեղությամբ։

Շուրջ կես տարի միայնակ ու մենամարտիկ՝ բռնաճնշումների իր մեթոդներով հայտնի Խորհրդային կայսրության դեմ, Արցախյան շարժումը դարձավ վստահություն ու համարձակություն ստանալու այն հենման կետը, որը ծնունդ տվեց Խորհրդային Միության այլ հանրապետություններում եւ Արեւելյան Եվրոպայում ժողովրդավարական շարժումներին։ Քաղաքական պայքարի գրագիտությամբ ու անխոցելիությամբ Հայկական ժողովրդավարական շարժումը հետագա տարիներին էլ ժողովրդավարական շարժումների համար մնաց ընդօրինակելի առաջատարը, պայքարի մեթոդների յուրատեսակ օրենսդիրը։

Առաջին անգամը լինելով, Համաժողովրդական շարժման ղեկավար մարմին «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն» մերժեց հայ քաղաքական մտքի եւ հասարակական պատկերացումների մշտապես ձախողումներ բերած ավանդական պատկերացումների իներցիան եւ որդեգրեց իրական, ընդունելի եւ արդյունավետ սկզբունքներ։ Հիմնական՝ Արցախի խնդիրը դրվեց ոչ թե պահանջատիրության, այլ միջազգայնորեն ընդունելի, նաեւ ԽՍՀՄ սահմանադրությամբ նախատեսված՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարթության վրա։ Մյուս կողմից՝ Արցախի ինքնորոշման հարցը խարսխվեց ժողովրդավարական ամենալայն խնդիրների հենքին։ Եւ դա դարձավ Խորհրդային կայսրության ներսում՝ նրա անխոցելիության, միջազգային ասպարեզում՝ հեղինակության եւ օժանդակության գրավականը։

Արցախյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը եւ նրա իշխանությունը՝
որպես առաջին խնդիր լուծեց Լեռնային Ղարաբաղի՝ ԽՍՀՄ փլուզման խառնակ տարիներին գոյատեւման, ապա նաեւ լիակատար ազատագրման խնդիրը, ստեղծեց նրա անվտանգության երբեւ չունեցած երաշխիքներ եւ հարատեւման վստահելի հիմքեր.

Հասավ Հայաստանի անկախության ձեռքբերմանը, ժողովրդավարական հիմքով պետականության կառուցմանը.

Առանցքային դերակատարություն ունեցավ Խորհրդային կայսրության անվտանգ կազմաքանդման գործում։

1988 թվականի փետրվարի 20-ը միայն խորհրդանիշ չէ.

Դրանով է սկսվում մեր պատմության այն շրջանը, երբ Հայաստանը, երկու հազար տարվա ընդմիջումից հետո, համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող քաղաքական գործոն էր, եւ սա ժամանակին օտարների տված գնահատական է։

Դրանով է սկսվում այն տասնամյակը, որն իր քաղաքական արդյունքներով հավասարը չունի Հայոց պատմության առնվազն վերջին հազարամյակում, եւ այս փաստը անհնար է վիճարկել։

Հայ Ազգային Կոնգրեսը փետրվարի 20-ի առթիվ շնորհավորում է Արցախյան շարժման վետերաններին, նրանց արժանավոր սերնդին՝ լավատեսական վստահությամբ, որ պատմական իրողությունների գիտակցմամբ եւ համատեղ ջանքերով կվերականգնենք ու երկրի քաղաքական կյանքի հիմքում կդնենք Արցախյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման անուրանալի ավանդները եւ դասերը՝ կանխելու համար մեր երկրի՝ այսօր դեպի կործանում գլորվող ընթացքը»,-ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին