Ներքին 7 ամիս առաջ - 22:18 11-02-2026

Կարմրավանի դպրոցն այս տարի 5-րդ դասարան չի ունեցել, ամեն դասարանում 3-4 աշակերտ է սովորում

2026 թ.-ից «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրով նախատեսվում է փակել 232 հանրակրթական դպրոց՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Շիրակի մարզում փակվող դպրոցներից միայն մեկը՝ Գյումրու թիվ 43 դպրոցն է, որը գտնվում է քաղաքային բնակավայրում, իսկ մնացած 47-ը սահմանամերձ և լեռնային գյուղերում են և տվյալ բնակավայրերի միակ դպրոցներն են։

Մարզի տարածաշրջաններից թերևս ամենախոցելին հյուսիսային՝ Ամասիա և Աշոցք համայնքներն են։ Ամասիայում նախատեսվում է լուծարել 14 դպրոց՝ 279 աշակերտով։ Աշոցքի շրջանի Կարմրավան գյուղի հիմնական դպրոցը ևս փակվող դպրոցների ցուցակում է։

Կարմրավանի հիմնական դպրոցը նախկինում տարրական էր, իսկ 90-ականներից դարձել է հիմնական։ 2025-2026 ուսումնական տարում դպրոցն ունի 19 աշակերտ․ յուրաքանչյուր դասարանում սովորում է 3-4 աշակերտ։

Այս տարի 5-րդ դասարան չեն ունեցել, սակայն մխիթարվում են այն փաստով, որ գոնե ամեն տարի ունենում են երկու առաջին դասարանցի։ Դատարկվող լեռնային այս գյուղում մարդիկ գյուղի լինել-չլինելը պայմանավորում են դպրոցով։ Կարմրավանցի Համբարձում Պողոսյանն ասում է՝ գյուղը պետք է դպրոց ունենա, որ չդատարկվի, որ դպրոցի հետ գյուղն էլ «չփակվի»։

«Լավ էլ դպրոց է, ինչի՞ են փակում, շատ սխալ են անում։ Այսօր դպրոցն է գյուղը պահում։ Պարզ է, որ մարդիկ կգնան գյուղից։ Մեր գյուղի դպրոցը միացնում են Աշոցքի դպրոցին։ Ձմեռները երկար են, բուքը կփակի ճանապարհները, երեխաների համար դժվարություններ կլինեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է կարմրավանցի տղամարդը։

Համբարձում Պողոսյանը հիշում է, որ երբ ինքն էլ էր դպրոցական, սկզբում գյուղի տարրական դպրոցում է սովորել, իսկ միջնակարգ կրթությունը շարունակել հարևան Զույգաղբյուր գյուղի դպրոցում։

«Ես էլ եմ գնացել մինչև Ղուկասյան, որ կրթություն ստանամ, բայց գյուղի մեջ պետք է դպրոց լինի։ Երեխան խորթ միջավայր է գնում, մինչև սովորի, ընտելանա՝ դժվար է»,- ասում է տղամարդը։

Գյուղից շատերն արդեն հեռացել են, քանի որ ցանկանում են իրենց երեխաների համար ապահովել կրթության հասանելիություն, իսկ գյուղն այդ հնարավորությունն այլևս չունի։ Կարմրավանի դպրոցի փակումը գյուղի բնակիչների համար պարզապես վարչական որոշում չէ․ այն նրանց համար գոյաբանական հարց է։

Լեռնային փոքր համայնքներում դպրոցը միայն կրթական հաստատություն չէ, այլև կյանքի շարունակականության երաշխիք։ Եթե փակվում է դպրոցը, բնակիչների մտավախությամբ՝ աստիճանաբար կփակվի նաև գյուղը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը