Ուղիղ եթեր
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 09:16 08-02-2026

Ընտրողների ակտիվ մասնակցությունը՝ որպես իշխանության դատավճիռ. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Ընտրողների ակտիվ մասնակցությունը՝ որպես իշխանության դատավճիռ

Նախագահի կողմից Ազգային ժողովի հերթական ընտրությունների նշանակումը հունիսի 7-ին իրավական առումով ընթացակարգային քայլ է և ինքնին քաղաքական ինտրիգ չի պարունակում։

Իրական ինտրիգը ձևավորվում է ընտրական գործընթացի առանցքային հարցով՝ ընտրողների մասնակցության մակարդակով։

Մասնագիտական գնահատականներն ու նախորդ ընտրությունների փորձը վկայում են, որ մոտ 1 միլիոն 400 հազար ընտրողի մասնակցությունը, այսինքն՝ շուրջ 55 տոկոսը, ընտրությունները տեղափոխում է որակապես այլ քաղաքական հարթություն։

Այդ շեմը հաղթահարելու դեպքում ընտրական գործընթացին միանում է ոչ միայն քաղաքականապես մոբիլիզացված և կանխատեսելի ընտրազանգվածը, այլ նաև այն լայն սոցիալական շերտը, որը սովորաբար մնում է ընտրությունից դուրս՝ հիասթափության, անվստահության կամ քաղաքական անտարբերության պատճառով։ Հենց այդ շերտի ակտիվացումն է, որ կտրուկ փոխում է ընտրությունների ներքին տրամաբանությունը։

Վերջին տարիներին (հատկապես Արցախի կորստից հետո) հասարակության մեջ կուտակվել է մեծ դժգոհություն, բայց դա դեռ չի վերածվել զանգվածային մոբիլիզացիայի։ Շատերը հիասթափված են իշխանությունից, բայց նաև ընդդիմությունից (որը հաճախ ընկալվում է որպես «հին ուժեր» կամ անարդյունավետ)։ Այս ապատիան հենց այն է, ինչ օգնում է իշխանությանը՝ քանի որ ցածր մասնակցությունը նվազեցնում է «պատժող» ձայների քանակը։

Եթե ընդդիմությունը կարողանա մոբիլիզացնել այդ «հիասթափված» շերտը՝ ոչ թե «մեր կողմը գալու», այլ «գնալ և դեմ քվեարկել» տրամաբանությամբ, ապա մասնակցությունը կարող է կտրուկ բարձրանալ։ Հակառակ դեպքում՝ ապատիան կմնա իշխանության լավագույն դաշնակիցը։

Ընտրողների ցածր մասնակցության պայմաններում ընտրական գործընթացը գործում է հարաբերական թվերի տրամաբանությամբ, որտեղ վարչական ռեսուրսը ստանում է անհամաչափ ազդեցություն։ Վարչական կախվածության մեջ գտնվող խմբերը, վերահսկելի ընտրազանգվածը և կազմակերպված մասնակցությունը թույլ են տալիս իշխանությանը պահպանել վերահսկողությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Սակայն ընտրողների բարձր մասնակցության պարագայում այդ մեխանիզմը սկսում է կորցնել իր արդյունավետությունը։ Զանգվածային մասնակցությունը «կլանում» է վարչական ռեսուրսի ազդեցությունը՝ այն վերածելով երկրորդական գործոնի, որը այլևս ի վիճակի չէ փոխել հասարակական ընդհանուր տրամադրության ուղղությունը։

Այս համատեքստում գործող իշխանության ճակատագիրը դադարում է որոշվել զուտ կուսակցական մրցակցության դաշտում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման կամ փոփոխության հարցը բարձր մասնակցության պայմաններում վերածվում է հասարակական վստահության կամ անվստահության քվեարկության։ Ընտրությունները գործնականում ձեռք են բերում հանրաքվեի բնույթ՝ իշխանության վարած քաղաքականության, կառավարման որակի և կուտակված հանրային դժգոհության վերաբերյալ։

Ընտրողների բարձր մասնակցությունը ընտրական գործընթացին տալիս է իրական քաղաքական բովանդակություն՝ այն հեռացնելով վարչական վերահսկողության սահմաններից։ Այդ դեպքում արդյունքը սկսում է արտացոլել հասարակության քաղաքական կամքը, այլ ոչ թե ընտրական մեխանիզմների կիրառման արդյունավետությունը։ Հակառակ դեպքում, երբ գերակշռում է ապատիան և քաղաքացիների զգալի հատվածը հրաժարվում է մասնակցությունից, ընտրությունները մնում են նեղ շրջանակի ներսում կառավարվող գործընթաց՝ կանխատեսելի ելքով։

Այսպիսով, առաջիկա ընտրությունների հիմնական հակամարտությունը չի ընթանալու իշխանության և ընդդիմության միջև։ Այն ընթանալու է քաղաքական մասնակցության և քաղաքական ապատիայի միջև։ Եթե ընտրողների ակտիվությունը հասնի այն շեմին, որտեղ վարչական ռեսուրսը կորցնում է վճռական նշանակությունը, ապա իշխանության վերարտադրությունը դառնում է խիստ խնդրահարույց։ Այդ դեպքում ընտրողների ակտիվ մասնակցությունը դառնում է ոչ գործող իշխանության քաղաքական դատավճիռ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի