Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 22:35 31-12-2025

Թո՛ղ 2026 թվականը լինի խաղաղության, համերաշխության և կառուցողական աշխատանքի տարի. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

Տարին մոտենում է իր ավարտին, և մենք կանգնած ենք նոր՝ 2026 թվականի շեմին։ Այս մասին նշվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ամանորյա ուղերձում։

«Այս պահը լավ առիթ է ոչ միայն շնորհավորելու միմյանց, այլ մեկ անգամ ևս հետ նայելու անցած ճանապարհին, գնահատելու մեր ձեռքբերումներն ու գիտակցելու այն աշխատանքը, որ դեռ առջևում է։

Անցնող տարին մեզ համար հեշտ չէր։ Մենք բախվեցինք բազմաթիվ փորձությունների, ունեինք բացեր ու դժվարություններ, որոնք անկեղծորեն պետք է ընդունենք։ Բայց միևնույն ժամանակ, սա նաև տարի էր, երբ մեր պետությունն ու ժողովուրդը կարողացան արձանագրել կարևոր ձեռքբերումներ, ամրապնդել պետական կառույցները և շարունակել զարգացման ճանապարհը։

2025 թվականը կարևոր քայլով կմնա մեր նորագույն պատմության մեջ։ Օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագիրը քայլ էր դեպի խաղաղություն։ Դա պարզ փաստաթուղթ չէր, այլ պատասխանատու որոշում՝ ուղղված մեր երկրի անվտանգ ապագային, տարածաշրջանային կայունությանը և մեր քաղաքացիների խաղաղ կյանքի հնարավորությանը։ Խաղաղությունը հեշտ ճանապարհ չէ, բայց այն ճանապարհն է, որ մենք պատրաստ ենք շարունակել՝ համբերությամբ, զգոնությամբ և միասնականությամբ։

Գալիք տարում Հայաստանը կհյուրընկալի մի շարք կարևոր միջազգային միջոցառումներ։ Դրանք մեր երկրի համար մեծ հնարավորություն են՝ ներկայացնելու Հայաստանն աշխարհին, բարձրացնելու մեր պետության վարկանիշը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը։ Այդ միջոցառումների հաջող անցկացումը կախված է բոլորիս պատասխանատվությունից՝ պետական մարմիններից մինչև յուրաքանչյուր քաղաքացի։ Միասնական ջանքերով մենք կարող ենք արժանապատվորեն իրականացնել այդ առաքելությունը։

2026 թվականը կարևոր է լինելու նաև ներքաղաքական կյանքի համար։ Կայանալիք խորհրդարանական ընտրությունները հերթական փորձությունն են մեր ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։ Ազատ, արդար և վստահելի ընտրությունների անցկացումը կարևոր է մեր պետության կայունության, ժողովրդի կամքի արտահայտման և ապագայի նկատմամբ վստահության համար։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Նոր տարին բերում է նոր հույսեր, սպասումներ և պատասխանատվություն։ Թո՛ղ 2026 թվականը լինի խաղաղության, համերաշխության և կառուցողական աշխատանքի տարի։ Թո՛ղ տարբերությունները չբաժանեն, այլ ուժեղացնեն մեզ՝ որպես ժողովրդավարական և հասուն հասարակություն։

Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա կապակցությամբ։ Մաղթում եմ առողջություն, ընտանեկան ջերմություն, հավատ վաղվա օրվա հանդեպ և ուժ՝ միասին առաջ գնալու։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- նշվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ