Ներքին 8 ամիս առաջ - 16:06 25-12-2025

Այդ մարդիկ առանց խղճի խայթի, առանց ամոթի Երևանում հալածում են Հայաստանի ամենամեծ բարերարներից մեկին․ Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է առաջին մարտիրոսի՝ Սուրբ Ստեփանոսի տոնը։ Այս տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա եկեղեցիները։ Թեև օրերը կարող են տարբեր լինել, բայց խորհուրդը նույնն է. Ստեփանոսն առաջինն է, ում ժողովուրդը չլսեց ու սպանեց՝ քարկոծելով։ Ստեփանոսն իր կյանքով և մարտիրոսությամբ մարմնացումն էր ճշմարտության, կամքի ու խիզախության, որի քարոզներն ու անվեհեր կեցվածքը, իմաստությունը և հաստատակամությունը կատաղեցնում էին փարիսեցիներին ու դպիրներին։ Նրանք Ստեփանոսին՝ որպես հայհոյիչի և հերձվածողի, դատապարտեցին մահվան։ Նաև այդ պատճառով նրան կոչում են առաջին նախավկա։

Ամեն մի ժամանակ ծնում է իր նախավկային։ Նրանց մեծամասնությունը նաև մարտիրոսանում է։ Մեր ժամանակների նախավկաներից է Ռուբեն Վարդանյանը։ Նա ուներ բառացիորեն երկրային ամեն արժեք՝ փող, ազդեցություն, փառք, բայց որոնում էր երկու բան՝ պատմություն ու սեր: Փորձում էր փոխել հայերի պատմությունը, իր տեղը գտնել այդ պատմության մեջ և փնտրում էր հայերի սերը։

2000-ականներից սկսած՝ Ռուբեն Վարդանյանի հանրային ամբողջ գործունեությունը սիրո և պատմության որոնում էր։ Նա հավատացած էր, որ հայերը միշտ մտահոգվել են ապագայով, և այդ պատճառով նախագծեց ու հիմնեց «Հայաստան-2020» նախաձեռնությունը։ Այն միավորում էր երիտասարդներից մինչև ավագ սերունդ, որոնք իրենք պետք է ձևավորեին ապագայի հավաքական տեսլականը։

Այնուհետև նա որոշեց միս ու արյուն տալ, վերածել գործողության, դարձնել իրականություն ազգային բնավորության «առաջինը և ամենան լինելու» մղումը։ Դա նրան դուր էր գալիս՝ շատ անգամ կրելով կամ հավատալով այդ կոդին։ Եվ կառուցեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը նաև աշխարհին բացեց Տաթևի վանական համալիրը։ Այն նույնպես նրա և ընկերների խնամքով երկրորդ շնչառություն ստացավ։
Նա հավատում էր, որ ուսումը կարող է փոխել պատմությունը, և Հայաստանն ինտեգրեց ժամանակակից մրցունակ կրթական քարտեզին։ Իր պատկերացմամբ՝ աշխարհի ապագա էլիտաները երբ կրթվեին Դիլիջանի դպրոցում, արդեն հեռանալիս կունենային բոլորովին այլ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ։ Հիշողություն, սեր և երախտագիտություն, որ կուղեկցեր նրանց ամբողջ կյանքի ընթացքում։ Հայաստանը կրթում էր ոչ միայն գլոբալ էլիտային, այլև դարձնում իր համակիրը։

Նա հավատում էր, որ հայերն ունեն հատուկ առաքելություն, և Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը պետք է դառնար նաև ապագայի ցեղասպանությունները կանխարգելող, համաշխարհային մարդասիրության դրոշակակիր։ Այդ պատճառով հիմնեց «Ավրորան»։

Ռուբենն ամեն ինչում՝ գիտակցաբար կամ բնազդով, փորձում էր հետևել ժողովրդի նարատիվին, շոյել նրա սիրտը, բուժել վերքերը։ Նա սիրում էր, բայց նաև ուզում էր լինել սիրված։

Երբ Հայաստանը դեռ արժեքային ու աշխարհաքաղաքական այլ կոորդինատային համակարգում էր, ընդգծելով իր տարբերությունը մյուսներից՝ իր որդուն ուղարկեց զինծառայության Արցախ՝ փորձելով սեփական օրինակով լինել հակաթրենդ կամ իսկական թրենդ։ Ռուբենն ամեն ինչ արեց, որ արժանի լինի սիրո։ Բայց միայն քարկոծվում էր։ Եվ որքան քարկոծվում էր, որքան չէր հասկացվում, այնքան ավելի համառորեն էր փնտրում այդ սերը։

Արցախի 44-օրյա պարտությունից հետո նա, հետևելով այդ ժամանակվա թրենդին, հանձնեց ռուսական անձնագիրն ուղիղ եթերում և գնաց Արցախ։ Մարդ, որն ուներ ամեն ինչ, բարձրացավ հայրենիքի խորան։
Այդ վայրկյանից ի վեր նրա և ժողովրդի անհասկացվածությունը հասավ գագաթնակետին։ Նրան մեղադրում էին ռուսական գործակալ լինելուց մինչև Հայաստանը «Թաթարստան» վերածելու համար։ Ի տարբերություն Հայաստանի ղեկավարության՝ նա BBC-ի եթերում պաշտպանում էր հայկականությունը և հայոց էությունը, իսկ ռեժիմի պրոպագանդիստները նրան անիծում էին և մեղադրում «գուբերնիա» սարքելու պլան կազմելու համար։ Որքան շատ էր փայլում, այնքան շատ էին խամրեցնում։

Ու սա կողմերի կռիվ չէր։ Ոչ էլ սոսկ պրոպագանդիստական գրառումներ։ Այդ գրառումները կային, բայց դրանք տիրաժավորողները, համաձայնողները, մեկնաբանողները հենց այն հասարակությունն էր, որը սկզբում նրան օտարեց, հետո կասկածեց, հետո մեղադրեց, իսկ հիմա՝ մոռացավ։ Բառացիորեն՝ մոռացության մատնեց Բաքվի բերդում՝ չհասկացված ու չլսված։ Ճիշտ Ստեփանոս նախավկայի ճակատագրի պես և վկայությամբ։

Ես Ռուբենի հետ ունեցել եմ բազմաթիվ ու երկար զրույցներ. գրեթե ոչնչում երբեք միակարծիք չենք եղել։ Նրա անշեղելի հաստատակամությունը և անքննելի ժողովրդասիրությունը անծանոթը կարող էր շփոթել նայիվ կամակորության հետ։ Այսօր ակնհայտ է, որ նա ուղղակի հետևում էր իր ճակատագրին ու առաքելությանը։

Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց ադրբեջանական ֆիլմ Ռուբենի մասին։ Ֆիլմում նրա մասին ադրբեջանահաճո հարցազրույց էր տվել Արցախի զորքերի առաջին հրամանատար, տխրահռչակ Սամվել Բաբայանը, ով 1994 թվականի զինադադարից հետո իր կյանքով և էությամբ միայն վնաս է տվել Արցախին՝ թալանելով, բռնաբարելով և վարկաբեկելով արցախցուն։ Բացի նրանից՝ ևս մի քանի հայ էին խոսում այդ ֆիլմում։

Այդ մարդիկ առանց խղճի խայթի, առանց ամոթի Երևանում հալածում են Հայաստանի ամենամեծ բարերարներից մեկին, որն ամեն ինչ արել է Հայաստանի ու Արցախի համար, որին Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների օպերացիայի արդյունքում բանտարկել ու տարել են Բաքու, որտեղ դատավարական ֆարսով ցանկանում են ցմահ դատապարտել։ Եվ այդ ֆարսը աշխարհին համոզիչ թվալու համար ստեղծում են պրոպագանդիստական ֆիլմ ու օգտագործում են հենց հայերին՝ հայերի ամենամեծ բարերարին բանտարկելու համար՝ զգուշացնելով նաև մյուս հայ բարերարներին՝ ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում։

Այդ ֆիլմում խոսում է Սամվել Բաբայանը, ով Նիկոլ Փաշինյանի հետ Արցախը կործանելուց հետո կարողացավ հայ-ադրբեջանական հատուկ ծառայությունների համատեղ օպերացիայի արդյունքում անխոչընդոտ գալ Հայաստան՝ ի տարբերություն Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների, ու հիմա ազատ շրջել Երևանում ու բանսարկել հայ ժողովրդի ամենամեծ բարերարներից մեկին։ Ու այս ամենը՝ ազգային ու պետական բացարձակ լռության, մոռացության և անտարբերության ներքո։

Պատմությունն ու ճակատագիրն առեղծվածային են։ Քչերը նկատեցին, որ Ստեփանակերտում, որն անվանակոչվել էր Ստեփան Շահումյանի պատվին, ում կնքել էին Ստեփանոս նախավկայի անունով, փակվեց հայկական հարցի նախավերջին էջը, որը բացվել էր Սան Ստեֆանո քաղաքում...

Այսօր Սուրբ Ստեփանոս նախավկայի օրն է՝ առաջին մարտիրոսի, որին ժողովուրդը քարկոծեց իր գործերի ու ճշմարտությունն ասելու համար...»

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»