Ներքին 10 ամիս առաջ - 20:40 03-12-2025

Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են 270 միլիոն եվրոյի «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցով ձեռք բերված առաջընթացը

ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Գործընկերության խորհուրդն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա նշանակալի պահը, վերահաստատել է ընդհանուր արժեքները և ընդունել նոր՝ «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը»՝ սահմանելով համագործակցության հավակնոտ առաջնահերթություններ և նշանավորելով երկկողմ հարաբերությունների խորացման ու զարգացման կարևոր փուլ։

Երկու կողմերը նշել են 2026 թվականի մայիսին կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթաժողովի կարևորությունը՝ որպես երկկողմ գործընկերության հետագա ամրապնդման ևս մեկ ձեռքբերում:

ԵՄ-ն ողջունել է ս.թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։ ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը։ Երկու կողմերն ընդգծել են հաշտեցման ջանքերի հումանիտար բաղադրիչը, և Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ-ին՝ ականազերծմանն ուղղված աջակցության ավելացման համար։

Հայաստանը ողջունել է ԵՄ պատրաստակամությունը՝ խթանելու տարածաշրջանային փոխկապակցվածությունը: Երկու կողմերը համաձայնել են խորացնել համագործակցությունը ԵՄ-ի «Համաշխարհային դարպաս» նախաձեռնության և միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի միջոցով՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համահունչ։

ՀՀ-ն և ԵՄ-ն ողջունել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացումը, որը նոր հնարավորություններ է բացում միջազգային ճգնաժամային կառավարման առաքելությունների ոլորտում առավել խորը և ակտիվ համագործակցության համար։

Կողմերը ողջունել են վիզաների ազատականացման երկխոսության առաջընթացը: Նրանք նաև ողջունել են 2025 թվականի նոյեմբերի 5-ին Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի պաշտոնական փոխանցումը՝ որպես առանց վիզայի ճանապարհորդության ապահովման ուղղությամբ կարևորագույն հանգրվան։

Հայաստանը և ԵՄ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական արժեքներին։ ԵՄ-ն վերահաստատել է իր հաստատուն աջակցությունը Հայաստանի համապարփակ քաղաքական և տնտեսական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու Հայաստանի ջանքերին։

Գործընկերության խորհուրդը վերանայել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը՝ նշելով Հայաստանի շարունակական հանձնառությունը, գրանցված առաջընթացը և խրախուսելով հավակնոտ բարեփոխումների օրակարգի հետևողական իրագործումը: Նոր ընդունված Ռազմավարական օրակարգը կծառայի որպես ՀԸԳՀ-ի ողջ ներուժը բացահայտելու ուժեղ խթան։

Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են 270 միլիոն եվրոյի «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցով ձեռք բերված առաջընթացը և քննարկել են «Համաշխարհային դարպաս» նախաձեռնության շրջանակներում ներդրումների միջոցով հասանելի հետագա հնարավորությունները։ Նրանք նաև ողջունել են բարձր մակարդակի քաղաքականության երկխոսության մեկնարկը:

Երկու կողմերը քննարկել են նաև գործընկերության առանցքային ռազմավարական ոլորտներում ներդրումների ընդլայնման, ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական դիվերսիֆիկացման և առևտրի, թվային ու կանաչ անցման, էներգետիկ անվտանգության և կլիմայի ոլորտում համագործակցության խթանման ուղիները: Կողմերը համաձայնեցին միասին աշխատել՝ զգալիորեն ավելացնելու և հեշտացնելու/դյուրացնելու Հայաստանի արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացումը, ներառյալ նոր արտադրանքի արտահանումը ԵՄ շուկա, և խորացնելու համագործակցությունը Էներգետիկ համայնքի և Հայաստանի միջև:

ԵՄ-ն դրականորեն նշել է Հայաստանի խորհրդարանի կողմից 2025 թվականի մարտի 26-ին «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումն՝ ընդգծելով, որ այդ քայլը վկայում է Հայաստանի՝ ընդհանուր եվրոպական արժեքներին հանձնառության և Միության հետ ինտեգրումը խորացնելու ձգտման մասին։

Եվրոպական միությունը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատերազմի վերաբերյալ: Երկու կողմերը ողջունել են Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու և արդար ու տևական խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող ընթացիկ ջանքերը։

Գործընկերության խորհրդի նիստը նախագահել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: ԵՄ պատվիրակությունը ղեկավարել է ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում