Ներքին Ուղիղ եթեր 10 ամիս առաջ - 10:48 18-11-2025

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել AntiFake.am-ի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան

2025 թվականի նոյեմբերի 13-ին իրավապահների կողմից խուզարկվել է AntiFake.am լրատվական հարթակի գրասենյակը, որի արդյունքում առգրավվել է լրատվականի եթերային ու առօրյա գործունեությունն ապահովող տեխնիկայի գերակշիռ մասը։ Մասնավորապես՝ վերցվել են բոլոր համակարգիչները, պոդքաստի միկրոֆոնները, առկա բոլոր տեսախցիկները, տեսախցիկների և միկրոֆոնների եռոտանիներն ու ստենդները, նկարահանող դրոնները, մարտկոցները և դրանց լիցքավորիչները, կրիչներ, լարեր, ուղիղ եթերի հեռարձակման ամբողջ տեխնիկան, աուդիո միքշերային վահանակը և այլն, ինչի հետևանքով լրատվամիջոցի աշխատանքը դարձվել է փաստացի անհնար։

Ինչպես երևում է վերոհիշյալից, առգրավված սարքավորումների առնվազն մի մասը, եթե ոչ մեծամասնությունը, իրենց բնույթով նույնիսկ ինֆորմացիայի կրիչներ չեն: Ավելին, խուզարկության հիմք ծառայած ենթադրյալ հանցագործության բնույթից ելնելով, առգրավված սարքավորումները չեն կարող լինել իրեղեն ապացույց, հետևաբար դրանց առգրավումը ոչ այլ ինչ է, քան լրատվամիջոցի աշխատանքը առերևույթ պարալիզացնելու, Հայաստանում նախադեպը չունեցող գործելակերպ։

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը, որն ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական հասարակության հիմքային արժեքներին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեության սկզբունքին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան ՊԱՀԱՆՋՈՒՄ Է․
* Անհապաղ վերադարձնել AntiFake.am լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան նրա բնականոն գործունեությունը հնարավոր դարձնելու նպատակով։
* Ապագայում ևս բացառել լրատվամիջոցների տեխնիկական ամբողջական պարալիզացումը՝ որևէ վարույթի շրջանակում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի անդամ լրատվամիջոցներս վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ տեխնիկապես և մասնագիտական ռեսուրսներով օժանդակել AntiFake.am լրատվականին՝ աջակցելով, որպեսզի նրանց մեդիա արտադրանքի շարունակականությունն ապահովվի մինչև տեխնիկայի վերադարձը և լրատվամիջոցի բնականոն գործունեության լիարժեք վերականգնումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի