Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 19:54 14-11-2025

Պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ զերծ մնալ ընտրողական մոտեցումից․ հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են ներկայացրել AntiFake.am կայքի նկատմամբ իրականացված գործողությունների առնչությամբ, որում ասվում է․
«Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են AntiFake.am կայքի «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։

Ավելի ուշ նրանք դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են։ Պատճառը նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցին հաջորդած՝ նշյալ փոդքասթի երկու թողարկումներում Սաղաթելյանի և Սամսոնյանի հնչեցրած հայհոյանքն ու վիրավորանքներն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իշխանության այլ ներկայացուցիչների հասցեին։

Հետապնդումը նախաձեռնվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Ըստ Քննչական կոմիտեի՝ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Նույն օրը ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել AntiFake.am կայքի գրասենյակում, առգրավել է խմբագրության տեխնիկան, ապա՝ ձերբակալել լրագրող Դավիթ Ֆիդանյանին՝ արդարադատությանը խոչընդոտելու պատճառաբանությամբ։

Այսօր արդեն՝ նոյեմբերի 14-ին, իրավապահները ձերբակալել են նաև AntiFake.am-ի աշխատակից Իշխան Խոսրովյանին, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը, որն արտահայտվել է ԱԱԾ-ի ներգրավմամբ ցուցադրական գործողություններով, բուն խնդրի հետ ուղիղ կապ չունեցող՝ AntiFake.am-ի այլ աշխատակիցների ձերբակալմամբ և խմբագրության ողջ տեխնիկայի առգրավմամբ, ինչը հանգեցրել է ընդդիմադիր հարթակի գործունեության խաթարման։ Այս գործողությունները դատապարտելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը։

Միևնույն ժամանակ, սկզբունքորեն անընդունելի ենք համարում և դատապարտում ենք հայհոյախոսությունն ու վիրավորանքը հանրային տիրույթում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։

Վերջին տարիներին լայնորեն տարածված արատավոր այդ երևույթը, որը հաճախ անպատիժ է մնում, էլ ավելի է խորացնում հասարակության պառակտվածությունն ու բևեռացումը, սերմանում անհանդուրժողականություն և սանձարձակություն։ Անկասկած, հայհոյանքն ու վիրավորանքը, ատելության խոսքն ու սպառնալիքները պետք է ստանան իրավական գնահատական։ Դրանք անհամատեղելի են հասարակության հետ հաղորդակցվելու տարրական նորմերի հետ։

Հաշվի առնելով վերոհիշյալ իրադարձությունների հանրային լայն արձագանքը՝ պահանջում ենք․
իրավապահ մարմիններից՝ զերծ մնալ ընտրողական մոտեցումից վիրավորանքների և հայհոյախոսության համար անձանց պատասխանատվության ենթարկելիս, իսկ տվյալ գործի քննությունն իրականացնել համակողմանի և օբյեկտիվ՝ պարբերաբար տեղեկացնելով հասարակությանը դրա ընթացքի և արդյունքների մասին,
իշխանություններից, քաղաքական բոլոր ուժերից, այդ թվում՝ դրանց հետ ասոցացվող լրատվամիջոցներից, հանրային խոսքում զերծ մնալ պարկեշտության սահմանները հատող բառապաշարից և հայհոյախոսությունից, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները քննարկելիս դրսևորել առավել հանդուրժողականություն և զսպվածություն։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ