Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 10:15 11-11-2025

ՀՀ է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող՝ 158 միլիոն 263 հազար դոլար արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածք

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Ա.Ս.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, 2006 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ՝ Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վ.Մ.-ին, 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Ա.-ի վարորդ Գ.Գ.-ին և Արարատի նախկին մարզպետ Ա.Ս.-ին պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:

Վերոնշյալ՝ 5330 հա մակերեսով հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ է:

Ուսումնասիրության արդյունքներով՝ դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Կադաստրի կոմիտեին՝ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության և Արարատի նախկին մարզպետի միջև 2006 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրի միակողմանի լուծման պետական գրանցում կատարելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ին կատարվել է վիճարկվող հողատարածքների անհատույց օգտագործման իրավունքի դադարեցման պետական գրանցում:

Գլխավոր դատախազի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ շրջական միջավայրի նախարարին՝ վերոնշյալ հողատարածքներում չափագրման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքներով՝ Արարատի մարզի դատախազությունը 2025 թվականի սեպտեմբերի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) (3 դրվագ):

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ