Ուղիղ եթեր
Միտք Ներքին 9 ամիս առաջ - 09:45 06-11-2025

Ինչու «Իմ քայլին» փող չեն տալիս. լուրջ բան է փոխվել

Մամուլի դեմ ՔՊ-ական թշնամանքն ու ատելությունը չեն նվազում։ Օրինակ՝ Հովհանավանքում կիրակի օրը մի հայտնի ՔՊ-ական անտեղի հարձակվեց լրագրողների վրա։ Լավատեսները կարծում են, թե հանրության մի մասի կողմից մերժված ՔՊ-ականները լրագրողներին թիրախավորելով, փորձում են մամուլի ուշադրությունը սևեռել իրենց վրա, որ լրագրողը իրենց անդրադառնա, ու շատ մարդիկ իրենց մասին իմանան։

Լրագրողներին պարբերաբար հանդիմանում է նաև Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը։ Նոյեմբերի 5-ին նա իր ծրագրերի ձախողման կամ անբավարար արդյունքների համար մեղադրել է լրագրողներին, ակնարկելով, թե նրանց պատճառով «Իմ քայլը» հիմնադրամը չի կարողանում ավելի շատ գումար հանգանակել, ավելի շատ շահառուների դրամաշնորհներ տրամադրել «Հաջողակից սկսնակին» ծրագրով։

«Իսկ բարեգործական ընթրիքը, որով սույն ծրագրի բյուջեն պետք է ապահովեինք, այդպես էլ չի կայանում ու չի կայանում։ Միասնական ջանքերով այն հաջողությամբ արժեզրկեց, եւ դարձավ՝ «Մի միլիոն դրամ կտա՞ք Աննա Հակոբյանի հետ հաց ուտելու համար» սեւ հարց։ Լրագրողները տրորեցին բոլոր նրանց ովքեր մասնակցեցին նախորդ ընթրիքներին, այդպիսով ապահովելով հաջորդ մասնակիցների «զգուշավորությունը»։ Ուրախ եմ այդ լրագրողների մասնագիտական խոշոր ձեռքբերման համար, շնորհավորում եմ բոլորին, ովքեր այդ ձեռքբերումը նաեւ իրենցն են համարում»,- նոյեմբերի 5-ին գրել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Լրագրողներին ուղղված այս հեգնական խոսքում քողարկված ատելություն կա։ Կրկին ընդգծենք, որ այսպիսի վերաբերմունքը հակաժողովրդավարական է։ Տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ իշխանությունը մամուլի ազատությանը դեմ է, ինչպես հետամնաց ռեժիմները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հս Կորեան, Ադրբեջանը։

Սակայն ավելի կարևոր հարց կա խորքում։ Ենթադրելի է, որ գործարարները Նիկոլ Փաշինյանից երես թեքելու ու «չմուծվելու» լուրջ, հիմնավոր պատճառներ ունեն։ Այսինքն՝ Աննա Հակոբյանը հեգնելով ու հանդիմանելով լրագրողներին, փորձում է քողարկել, որ մարդիկ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցիացվող հիմնադրամին փող չտալու լուրջ պատճառներ ունեն։

Ի՞նչ է փոխվել, որ մարդիկ փող չեն տալիս «Իմ քայլին»։

Ենթադրյալ պատճառների առաջին շարքում վերջին հալածանքներն են։ Բագրատ Սրբազանի ու նրա աջակիցերի կալանքը, Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավը ոմանց սրտով չէ։ Ասում են, թե Սամվել Կարապետյանի հետապնդումը ևս բացասաբար է անդրադարձել։

Փաշինյանի հետ ասոցիացվող «Իմ քայլը» հիմնադրամին փող չտալու ամենալուրջ և խորքային պատճառը, սակայն, օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությունն է։ Գործարարը հավատացել է, որ խաղաղություն է հաստատվել, Օգոստոսի 8-ն անշրջելի է, պատերազմի վտանգ չկա։ Ուստի՝ իշխանության շուրջ համախմբվելն ու Նիկոլ Փաշինյանին ֆինանսապես սատարելն այլևս բարոյական պարտավորություն չէ, ինչպես մինչև օգոստոսի 8-ն էր, երբ բոլոր կողմերից պատերազմ ու ագրեսիա էին կանխատեսում, և գիտակից քաղաքացու պարտքն էր սատարել իշխանությանը, այդ ագրեսիան դիմակայելու հարցում։ Իսկ հիմա, երբ արդեն խաղաղություն է, մարդիկ այդ պարտավորությունից, կարծես՝ ազատ են։

Հարկ է նկատել, որ այսօր գործարարների մեծ մասը անկախության ջատագով է, ռուսամետ չէ, ինչպես նախկինների օրոք էին։ Նրանք, հավանաբար, հասկանում են, որ եթե անկախական ուժերը հաղթեն 2026-ին, ապա խաղաղությունն իրապես կհաստատվի ու կամրանա։ Ուստի՝ չի բացառվում, որ որոշ գործարարներ արդեն որոշել են չաջակցել Մոսկվայի հետ կրկին մերձեցած ու խաղեր տվող ՔՊ-ին, այլ աջակցել անկախության ջատագով կուսակցությունների, ֆինանսավորել նրանց ընտրարշավը 2026-ի ԱԺ ընտրություններում։ Ու այս է ենթադրյալ պատճառը, որ հիմա արդեն փող չեն տալիս Աննա Հակոբյանին, հրաժարվում մասնակցել մեկ միլիոնանոց բարեգործական ընթրիքին։

Ի վերջո՝ պոտենցիալ նվիրատուների մեծ մասը հասկացել է, որ Փաշինյանը կարողանում է հալածել միայն այն գործարարներին, ում կարող է մեղադրել ռուսական շահեր սպասարկելու մեջ։ Ուստի՝ Սամվել Կարապետյանի կալանքը չի վախեցնում ու ստիպում «մուծվել» այն գործարարներին, որոնք Կրեմլի ագենտ չեն։

Պարզ ասած՝ գործարարներն օգոստոսի 8-ից հետո հասկացել են, որ կարող են ազատվել ՔՊ-ական շատաժներից, «Իմ քայլին» պարբերաբար մեծ գումարներ փոխանցելու պարտավորությունից։ Իսկ եթե հրապարակավ հայտարարեն նաև, որ մտադիր են աջակցել անկախական ուժերին և իրապես աջակցեն ՀՀ-ն ռուսական ազդեցությունից դուրս բերելու նպատակ ունեցող կուսակցություններին, ապա գործարարներն այսպիսով՝ իրապես կնպաստեն խաղաղությանը, հասարակության առաջընթացին, ազգային իրավունքների պաշտպանությանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային