Ներքին 10 ամիս առաջ - 11:43 17-10-2025

Անթույլատրելի է խոսքի համար անձանց նկատմամբ քրեական հետապնդումները․ ՄԻՊ-ն անդրադարձել է Կոչուբաևի կալանքին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 16-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում հրապարակային խոսքի համար: Ավելի ուշ պարզվել է, որ փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 490 հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է բարձրաձայնել մասնագիտական տարբեր համայնքների, այդ թվում` փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործման լայն ծավալների մասին՝ ընդգծելով, որ մասնագիտական համայնքների համար պետք է ոչ թե պարզապես սահմանվեն էթիկայի ու վարքագծի կանոններ, այլ դրանք պետք է հետևողականորեն կիրառվեն: Այդ առումով Հայաստանի Հանրապետությունում առկա են լրջագույն խնդիրներ, քանի որ լայն ծավալով տարածվող` էթիկայի ու վարքագծի կանոններին և մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին հակասող խոսքի համար գրեթե չեն կիրառվում համայնքների ներսում գործող կարգապահական պատասխանատվության նախատեսված կառուցակարգերը:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում այն տրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Միջազգային չափանիշների համաձայն` ոչ իրավաչափ խոսքի միայն ամենածանր տեսակների և ծանրակշիրռ հիմնավորումների առկայության պայմաններում կարող է վրա հասնել քրեական պատասխանատվություն, առավել ևս` անձի նկատմամբ կիրառվել ազատությունից զրկելու ձևով խափանման միջոց կամ պատիժ:

Ուստի Պաշտպանն անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմն ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից: Դա հատկապես խնդրահարույց է այն պայմաններում, երբ անձն ազատությունից զրկվում է ուժի կիրառմամբ:

Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:

Այս համատեքստում Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։

Հավելենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է նշված հարցի քննարկում, Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացնում քրեակատարողական հիմնարկ՝ փաստաբանին տեսակցելու և վերջինիս հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ