Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:07 29-09-2025

Հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյաների մասով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային և ՀՀՍ ծառայությունների պետի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, վաշտի հրամանատարի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, 2024 թվականի հունվարից 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով հափշտակել է փաստացի իր տնօրինմանը հանձնված 1130 լիտր բենզինային վառելիքի կտրոնները: Հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված ժամանակահատվածում կայազորային տարբեր հոսպիտալներ գործուղումների տեղափոխվող բուժանձնակազմին ծառայողական ավտոմեքենաներ հատկացնելու փոխարեն հիշյալ պաշտոնատար անձը, չմերժելով որոշ գործուղումների անձնական ավտոմեքենաներով մեկնելու վերաբերյալ բժիշկների խնդրանքը, իր ենթակայության ներքո գտնվող ծառայողներին հանձնարարել է բենզինային վառելիքի կտրոններ ստանալու և իրեն փոխանցելու նպատակով կազմել համապատասխան ուղեգրեր:

Նշված հանձնարարությունը կատարելու համար վաշտի հրամանատարը կազմել է կայազորային տարբեր հոսպիտալներ մեկնելու վերաբերյալ ուղեգրեր և դրանք փոխանցել վարորդներին, ովքեր փաստացի չիրականացված երթուղիների և այլ տվյալների վերաբերյալ դրանցում մտցրել են կեղծ տեղեկություններ, այնուհետև նույն ուղեգրերի հիման վրա ստացված բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները փոխանցել ՊՆ պաշտոնյանին ու վաշտի հրամանատարին:

Արդյունքում՝ 2024 թվականի հունվարից 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում կազմված կեղծ ուղեգրերի հիման վրա ստացված ընդհանուր 1720 լիտր բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները փոխանցվել են ՊՆ պաշտոնյային, ով 590 լիտրը հատկացրել է անձնական ավտոմեքենաներով գործուղումների մեկնող բժիշկներին, իսկ հափշտակված 1130 լիտր բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները տնօրինել է անձամբ՝ պետությանը պատճառելով 514.550 ՀՀ դրամի վնաս:

Հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրան օժանդակած և պաշտոնեական կեղծիք կատարած վաշտի հրամանատարին ու վարորդներից մեկին: Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին