Արտաքին 11 ամիս առաջ - 20:19 23-09-2025

Թուրքիայի ռազմարդյունաբերության միտումները վերջին տարիներին

Թուրքիան վերջին 5 տարում ռազմական արդյունաբերության ոլորտում թռիչքաձև զարգացում է ունեցել։ 2024թ․ արտահանման ծավալը հասել էր 7.1 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա համեմատ ռեկորդային աճ գրանցելով։ Այս հաջողության հիմքում ընկած են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), զրահատեխնիկան, կորվետները (ռազմանավ) և հրթիռային համակարգերը։

Օրինակ՝ թուրքական «Baykar» ընկերության արտադրած «Bayraktar TB2» և «Akıncı» ԱԹՍ-ները կարճ ժամանակում մեծ պահանջարկ ուենցան միջազգային շուկայում, իսկ ահա «Nurol Makina»-ի և «BMC»-ի արտադրած «Kirpi» և «Eյder Yalçın» զրահամեքենաները գնորդներ գտան թե՛ Աֆրիկայում, թե՛ Եվրոպայում։ Ռազմածովային ուժերի համար նախատեսված «MİLGEM» կորվետները մատակարարվեցին Պակիստան և Ուկրաինա, իսկ «Roketsan»-ի հրթիռներն ու զինամթերքը գնորդներ գտան Ասիայում։

Թուրքիայի ռազմարդյունաբերական արտադրանքն այսօր արդեն պահանջված է ոչ միայն տարածաշրջանում, այլև տարբեր մայրցամաքներում։ Եվրոպայում «Bayraktar TB2»-ի գնորդ դարձան Լեհաստանը, Ռումինիան, Ալբանիան և Խորվաթիան։ Հունգարիայում «Ejder Yalçın»-ի հիման վրա արդեն արտադրվում են «Gidran» զրահամեքենաները։ Մերձավոր Արևելքում ամենախոշոր գործարքը կատարվեց Սաուդյան Արաբիայի հետ․ «Akıncı»-ի շուրջ ստորագրված պայմանագիրը դարձավ Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ԱԹՍ գործարքը։ Քուվեյթը ևս պայմանագիր ստորագրեց (367 մլն դոլար) «Bayraktar TB2»-ներով սպառազինվելու համար։

Աֆրիկայում Մարոկկոն նույնպես համալրեց իր սպառազինությունը «TB2»-ներով, Թունիսը նախընտրեց «Kirpi» և «Vuran» զրահատեխնիկան, Նիգերիան պատվիրեց «Ejder Yalçın» և «Yoruk» զրահամեքենաներ։ Բանգլադեշը ձեռք բերեց «Roketsan»-ի «TRG-300» հրթիռները։ Ասիա-Խաղաղօվկիանոսյան շրջանում Ֆիլիպինները ստացան «T129 ATAK» ուղղաթիռներ, Մալայզիան պատվիրեց «ANKA» ԱԹՍ-ների խմբաքանակ, իսկ Ղազախստանը համաձայնագիր ստորագրեց «ANKA»-ի հետ համատեղ արտադրության շուրջ։ Ուկրաինան Թուրքիայից ստացավ «Ada» դասի կորվետներ, ինչը նոր հաջողություն բերեց նավաշինության ոլորտում։

Թուրքիայի հաջողությունը պայմանավորված է մի քանի գործոններով՝ մատչելի գնի և արդյունավետության հարաբերակցությամբ, արագ մատակարարումներով, ինչպես նաև վերապատրաստման և սպասարկման ամբողջական փաթեթների առաջարկմամբ։ Սակայն կան նաև լուրջ խոչընդոտներ։ Պակիստանին նախատեսված «T129 ATAK» ուղղաթիռների վաճառքը չիրականացավ՝ ԱՄՆ-ի շարժիչների արտահանման լիցենզիայի պատճառով։ Սա վկայում է, որ որոշ կարևոր համակարգերում կախվածությունը արտասահմանյան մատակարարներից շարունակում է մնալ լուրջ խնդիր։ Բացի այդ, Աֆրիկայի որոշ երկրներ կատարված մատակարարումները միջազգային հարթակներում քննադատությունների արժանացան։ Այնուամենայնիվ, Թուրքիան մեծացնում է ներդրումները շարժիչների և ավիաէլեկտրոնիկայի տեղայնացման ուղղությամբ։

2020-2025 թվականների ընթացքում Թուրքիան կարողացել է ամուր դիրք զբաղեցնել որպես ռազմարդյունաբերական արտադրանք արտահանող երկիր։ Լեհաստանը, Ռումինիան, Ալբանիան, Խորվաթիան և Հունգարիան Եվրոպայում, Սաուդյան Արաբիան և Քուվեյթը Մերձավոր Արևելքում, Մարոկկոն, Թունիսը, Նիգերիան Աֆրիկայում, Բանգլադեշը, Ֆիլիպինները, Մալայզիան և Ղազախստանը Ասիայում, ինչպես նաև Ուկրաինան Սևծովյան տարածաշրջանում դարձան Թուրքիայի գործընկերները։ Այս պայմանագրերը միայն սպառազինության վաճառք չեն ենթադրում, այլև որոշ դեպքերում ներառում են համատեղ արտադրություն և տեխնոլոգիաների փոխանցում։
Առաջիկա տարիներին ակնկալվում է, որ Թուրքիայի արտահանման ծավալները կշարունակեն աճել։

Եվրոպայում «Bayraktar TB2» և «Akıncı» ԱԹՍ-ների նկատմամբ պահանջարկը կարող է նոր պատվերների հանգեցնել։ Ծոցի երկրներում Սաուդյան Արաբիայի հետ ձևավորված մոդելը կարող է ընդլայնվել՝ ներառելով Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը։ Աֆրիկայում Սահարայից դեպի հարավ գտնվող պետությունները շարունակում են մեծ պահանջարկ ցուցաբերել անօդաչուների և զրահատեխնիկայի նկատմամբ։ Ասիայում հավանական նոր շուկաներ են դիտվում Ինդոնեզիան և Պակիստանը։ Բացի այդ, ենթադրվում է, որ առաջիկա տարիներին Թուրքիան միջազգային շուկային կառաջարկի նաև սուզանավեր, նոր սերնդի կորվետներ և երկար հեռահարության հրթիռային համակարգեր։

Թուրքիայի այս առաջընթացը միայն տնտեսական հաջողություն չէ։ Այն ակնհայտորեն նաև դիվանագիտական գործիք է, որը նոր հնարավորություններ է բացում պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքականության մեջ։ Ռազմարդյունաբերական արտադրանքը վերածվում է ոչ միայն ռազմական համագործակցության, այլև հիմքեր է ստեղծում ռազմավարական գործընկերության համար։ Եթե տեղայնացման գործընթացները շարունակվեն, արտաքին կախվածությունը նվազի և քաղաքական ռիսկերը ճիշտ կառավարվեն, ապա Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը կարող է ամրապնդել իր դիրքը ոչ միայն տարածաշրջանում, այլև գլոբալ աշխարհում։

Աղբյուր՝ Ermeni Haber

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի