Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:27 21-09-2025

Անկախության տոնը պատգամ է՝ հավատարիմ մնալու մեր արժեքներին ու սրբություններին, զորացնելու մեր պետությունը. Վեհափառի ուղերձը

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ․

«Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս։

Անկախ պետականության վերահաստատումը դարավոր նվիրական իղձ էր, որը մեր ժողովուրդն իրականացրեց հավաքական կամքով, իր բարօր ու խաղաղ կյանքը կառուցելու և ազգային արժեքներով ապրելու ձգտումով։

Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են ծանր փորձությունների միջով՝ դիմագրավելով հետպատերազմյան դժվարություններն ու նեղությունները, արտաքին և ներքին բազում մարտահրավերներն ու հիմնախնդիրները։

Պետության հանդեպ մեր պատասխանատվությունը չի կարող հանդուրժել անարդարություն ու անօրինություն, ատելություն ու պառակտվածություն, կեղծիք և խաբեություն, այլ պիտի առաջնորդի մեր ժողովրդին համախոհության ու միասնականության, որպեսզի կարողանանք գտնել ներկա ծանր իրավիճակներից դուրս գալու ապահով ուղիները։ Պետության հանդեպ մեր սերը պիտի դարձնենք վերհառնումի նախանձախնդրություն, միմյանց հանդեպ վստահություն ու հոգատարություն և հանձնառություն ու նվիրում՝ ամեն աշխատանքում ու բնագավառում։

Անկախության տոնը պատգամ է հավատարիմ մնալու ազգային զարթոնքի իղձերին, մեր արժեքներին ու սրբություններին և զորացնելու ու շենացնելու մեր պետությունը։ Միայն այսպես կարող ենք ունենալ խաղաղ ու բարօր ապագայի հույս ու հեռանկար՝ սաղմոսերգուի հետ հանապազ հայցելով Երկնավորից․ «Հիշի՛ր մեզ, Տե՛ր, ի հաճություն Քո ժողովրդի, և այցելի՛ր մեզ Քո շնորհելիք փրկությամբ» (Սաղմ․ 105․4)։

Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգևի մեր հայրենիքին և Իր Սուրբ Հոգու իմաստությունն ու առաջնորդությունը շնորհի մեր ժողովրդին՝ հույսով ու հավատով ուժ ու զորություն գտնելու մարտահրավերներին դիմակայելու և փայփայելու ու սերնդեսերունդ արժևորելու Անկախության տոնի պանծալի խորհուրդը։

Թող ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի լինեն մեզ հետ և բոլորի, ամեն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում