Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:40 03-09-2025

Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջագայում են, Մայր Աթոռը դատապարտում է, զեկույցը պատրաստ է. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 3-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտրարությամբ՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգելու՝ դատարանի որոշմանը։ «Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերշանորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։ Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն։ Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց»,- ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ նախօրեին դատարանը մեկ ամսով երկարաձգեց Միքայել Սրբազանի կալանքը։ Օգոստոսի 15-ին էլ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 10 օրով։

Նիկոլ Փաշինյանը իր քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Պեկինում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին։ Միջոցառմանը ներկա են եղել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարները, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ։ Բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և տիկին Պեն Լուանը։ Շքերթի ընթացքում ելույթով հանդես է եկել ՉԺՀ նախագահը։ Տոնական միջոցառումների շրջանակում Չինաստանի նախագահի և առաջին տիկնոջ անունից տրվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ավարտվել է, որտեղից նա մեկնել է Ճապոնիա։

Անդրանիկ Քոչարյանը 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկել է Ալեն Սիմոնյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ «Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը»,- հայտնում են հանձնաժողովից։

Արտաքին գործերի նախարարությունը տվյալներ չունի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման կոնկրետ ժամկետների մասին: Նման եզրակացություն Sputnik Արմենիան է կատարել՝ դատելով գերատեսչությունից ստացած պատասխանից։ Լրատվամիջոցը հետաքրքրվել էր երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման ժամկետների մասին, ինչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, ինչպես նաև երբ է սպասվում Հայաստանի և Թուրքիայի հանդիպումը։ Հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից ուղարկել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը Արարատ Միրզոյանի վերջին հարցազրույցի հղումը: Հարցազրույցի ընթացքում համապատասխան հարցին նա պատասխանել էր, որ Երևանը թուրքական կողմի հետ բավականին բովանդակալից և դինամիկ երկխոսություն ունի ինչպես պաշտոնական դիվանագիտական մակարդակով, այնպես էլ փակ դռների հետևում: «Պաշտոնական հրապարակային մակարդակում և փակ դռների հետևում, այսինքն` հանդիպումների ընթացքում, ինչ-որ լսել ենք Թուրքիայից, հետևյալն է՝ մենք խնդիր չունենք, մենք ուզում ենք, պատրաստ ենք բացել սահմանները, հաստատել հարաբերություններ, բայց մենք պետք է դա անենք Հայաստան-Ադրբեջան կարգավորումից, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- ասել է Միրզոյանը։ Բացի այդ, ԱԳՆ-ն խորհուրդ է տվել վերընթերցել Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ կողմերն ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ ԱԳՆ-ից հավաստիացրել են, որ հանրությանն անպայման կտեղեկացնեն կարգավորման գործընթացի զարգացման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ