Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:45 22-08-2025

44-օրյայում զոհվածի մորից ապօրինի վարձատրություն պահանջած բժշկի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրու բժշկական կենտրոն ՓԲ ընկերության վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ա. Ն.-ն իր մասնագիտական պարտականությունը կատարելու համար մի շարք, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր չափերով ապօրինի վարձատրություն։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը, որպես երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ունենալով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք, վիրահատության համար դիմել է նշված ԲԿ վիրաբուժության բաժանմունքի վարիչին: Վերջինս, սակայն, ապօրինաբար պահանջել է 270.000 ՀՀ դրամ՝ որպես հիմնավորում ներկայացնելով վիրահատության ժամանակ իրեն պատկանող գործիքի օգտագործումը, մինչդեռ իրականում դրա արժեքը ենթակա է եղել փոխհատուցման պետական պատվերի շրջանակներում: Ա. Ն.-ն, սակայն, իրեն դիմած կնոջ վիրահատության ընթացքում կիրառել է տևական ժամանակ օգտագործված լինելու հետքեր պարունակող «Լիգաշուր» տեսակի գործիք այն դեպքում, երբ դրա բաղկացուցիչ՝ կտրող-կարող մասը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Վիրահատությունից հետո Ա. Ն.-ն կնոջ որդուց ստացել է ապօրինաբար պահանջված 270.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ նշված վիրաբույժը իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար իրեն դիմած՝ Գյումրու մի շարք այլ բնակիչներից նույնպես որպես ապօրինի վարձատրություն պահանջել և ստացել է տարբեր՝ մինչև 250.000 ՀՀ դրամի չափով գումարներ՝ դարձյալ որպես հիմնավորում վկայակոչելով այդ թվում՝ վերը նշված գործիքի կիրառումը։ Ընդ որում՝ վիրաբույժին դիմած անձանց մի մասը ունեցել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

Մի շարք անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու համար Ա. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ի դեպ, եթե Հանրապետության որևէ բժշկական հաստատությունում առնչվել եք ապօրինի վարձատրություն պահանջելու առերևույթ հանցագործության դեպքերի, ապա կարող եք օրենքով սահմանված ընթացակարգով այդ մասին համապատասխան հաղորդում ներկայացնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Քրեական վարույթներով նախաքննություններն ավարտվել են, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին