Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:06 05-08-2025

Ադրբեջանի միապետը, որը ձգտում է Հայաստանից քամել առավելագույնը, հեշտությամբ չի հրաժարվի այդ կարևոր գործիքից

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ի՞նչ օբյեկտիվորեն ակնկալել վաշինգտոնյան հնարավոր հանդիպումից

ԱՄՆ-ի Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ Սպիտակ տանը հնարավոր հանդիպման հետ կապված ամենաիրատեսական ակնկալիքները գնահատելու համար անհրաժեշտ է գտնել հետևյալ օբյեկտիվ հարցի պատասխանը։

Ըստ այդմ․
Քանի որ դեռևս ս․թ․ մարտին փոխհամաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրումն արհեստականորեն ձգձգող միակ դերակատարն Ադրբեջանն է, որը ձգտում է պայմանական խաղաղությունը/դրա բացակայությունը վաճառել հնարավոր ամենաթանկ գնով և հնարավոր բոլոր ուղղություներով՝ Հայաստան, Արևմուտք, Թուրքիա, Ռուսաստան և այլն, ապա ինչո՞վ կամ ինչպե՞ս են ԱՄՆ-ի և Հայաստանի իշխանությունները «վարձահատույց լինելու» քննարկվող համաձայնագրի ստորագրման համար։

Հարկ է հերթական անգամ ընդգծել, որ խաղաղության համաձայնագիրը չափազանց բարձր գին ունի նաև Ադրբեջանի ներկայիս քաղաքականության և անձամբ Իլհամ Ալիևի ներքին քաղաքականության համար։

Հետևաբար միամտություն է ակնկալելը, որ բավականաչափ հաջողված և արևելյան մոլի առևտրականի ոճով գործող Ադրբեջանի միապետը, որը բացահայտորեն ձգտում է Հայաստանից քամել առավելագույնը, իսկ մյուս ուղղություններով ստանալ հնարավորինս հաղթաթղթեր, այդքան հեշտությամբ կհրաժարվի այդ կարևոր գործիքից։

Վերոնշյալի համատեքստում, դժվար է կանխատեսել, որ Վաշինգտոնում, թե մեկ այլ վայրում խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությունը մեծ է, քանի դեռ չի լուծվել Հայաստան-Ադրբեջան գործընթացում եղած առանցքային խնդիրը՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցն Ադրբեջանի առավելագույն ակնկալիքների տիրույթում։

Իսկ ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունները Բաքվին առայժմ հնարավորություն են տալիս չշտապելու, մանևրելու։

Ուստի, ի՞նչ կարելի է օբյեկտիվորեն ակնկալել Սպիտակ տանը կայանալիք հնարավոր հանդիպումից, որևէ միջանկյալ փաստաթուղթ, որպես օրինակ՝ Եռակողմ հայտարարություն խաղաղությանը հավատարիմ մնալու և հնարավորինս շուտ եղած խոչընդոտները լուծելու, խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։

1. Ի՞նչ կտա դա ԱՄՆ-ին․ Դոնալդ Թրամփի խաղաղության հաղթարշավի ցանկում և դեպի «Նոբելյան մրցանակ» ճանապարհին ևս մի «հաղթահարված կոնֆլիկտ» թվարկելու հնարավորություն։

2. Ի՞նչ կտա Հայաստանին։ Ադրբեջանի հետ պայմանական խաղաղության կառավարելիության մակարդակը ևս մեկ քայլով բարձրացնելու և ԱՄՆ-ի ներգրավվածություն/միջամտություն ապահովելու ուղիղ, բայց ոչ մեծ հնարավորություն։

3. Ի՞նչ կտա Ադրբեջանին։ Այս հարցի պատասխաններն առավելագույնս կանխատեսման հարթությունում են։ Չի բացառվում՝ ԵԱՀԿ ՄԽ լուծարման վերաբերյալ գործընթացի մեկնարկ, Աբրահամյան համաձայնագրերին միանալու կամ Ադրբեջան-ԱՄՆ, Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել նոր ձևաչափի ստեղծման հնարավորրություն, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907-րդ հոդվածի չեղարկում և այլն»․․․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում