Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:08 20-07-2025

Հայաստանը անցել է այն գիծը, որն առանձնացնում է ժողովրդավարությունը ավտորիտարիզմից. Վարդան Օսկանյան

«Հայաստանը այլևս չի կարելի համարել կենսունակ ժողովրդավարություն։ Թեև Երևանի կենտրոնում կյանքը շարունակվում է իր ուրախ հնչերով, սրճարաններն ու գիշերային ակումբները լի են, իրական պատկերը շատ ավելի մռայլ է։ Հայաստանը անցել է այն գիծը, որն առանձնացնում է ժողովրդավարությունը ավտորիտարիզմից։

Այս պահին Հայաստանում կա մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալ։ Նրանց թվում են երկու արքեպիսկոպոսներ, ռուսահայ բարերար և ներդրող Սամվել Կարապետյանը, գործող պատգամավորներ, ընդդիմադիր գործիչներ և ակտիվիստներ։ Նրանց «հանցանքը» մեկն է՝ համարձակվել են դեմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։

Այս հալածանքները պատահական չեն։ Դրանք համակարգված են, նպատակաուղղված և օր օրի ավելանում են՝ հատկապես երբ Փաշինյանը շարունակում է իր զիջողական քաղաքականությունը, և մոտենում են Հայաստանի հերթական ընտրությունները։ Քննչական մարմինները և դատարանները դարձել են քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին վախեցնելու, հետապնդելու և մեկուսացնելու համար։ Նախաքննական կալանքը կիրառվում է որպես պատիժ՝ ոչ թե արդարադատությանը խոչընդոտելու ռիսկի կանխման միջոց։

Խոսքը սովորական քաղաքական մրցակցության մասին չէ։ Մենք ականատես ենք լինում այն գործընթացին, երբ մեկ առ մեկ քայքայվում են ժողովրդավարական կառույցները։ Անկախ դատական համակարգը՝ յուրացված, մամուլը՝ աղավաղված, քաղաքացիական հասարակությունը՝ թուլացած ու վախեցած։ «Ժողովրդավարական Հայաստանի» մասին միֆերը այլևս չեն դիմանում իրողություններին ու փաստերին։

Վերջերս լսեցի քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի դատարանում արտահայտած միտքը, որ մենք ձախողեցինք՝ չստեղծելով ինստիտուցիոնալ հենակետ քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրացման, ներկայացման ու պաշտպանության համար։ Ճշմարիտ է։ Մենք բավարար չափով չենք բարձրաձայնել, չենք գործել՝ ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական իմաստով։

Ժամանակն է իրոք ստեղծել մի մարմին՝ կազմված իրավապաշտպաններից, միջազգային փաստաբաններից, նախկին դիվանագետներից, ճանաչված քաղաքական և հասարակական գործիչներից։ Այս մարմինը պետք է համակարգված աշխատի՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու այս վտանգավոր շրջադարձի վրա։ Այն պետք է համագործակցի Amnesty International-ի, Human Rights Watch-ի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների և դեսպանատների հետ՝ ներկայացնելով փաստաթղթեր, պատրաստելով զեկույցներ, կազմակերպելով լսումներ, դիմելով միջազգային դատարաններ։

Այս մարմինը պետք է դառնա այն ձայնը, որը կհնչի այն բանտարկյալների փոխարեն, ովքեր լռեցվել են։ Պետք է աջակցել նաև նրանց ընտանիքներին, ցույց տալ ամբողջ աշխարհին՝ թե ինչպես է դատաիրավական համակարգը օգտագործվում ոչ թե արդարադատության, այլ ռեժիմի պահպանման համար։ Այն պետք է նաեւ ճնշում գործադրի դեսպանությունների եւ միջազգային գործընկերների վրա՝ որպեսզի նրանք չխաբվեն Երևանի կենտրոնում տիրող ժողովրդավարական նորմալության կեղծ պատրանքով, այլ ազնվորեն գնահատեն դրա հետեւում թաքնված ավտորիտարիզմը։

Եթե նման մարմին ստեղծվի, պատրաստ եմ իմ համեստ ներդրումը բերել՝ ժամանակով, կապերով և քարոզչությամբ։ Քաղաքական բանտարկյալներն արժանի են ոչ միայն մտահոգություն արտահայտող հայտարարությունների, այլ նաև ռազմավարական և գործուն պայքարի։

Լռությունն այսօր նշանակում է հաշտություն անարդարության հետ։ Եթե լռենք, մենք ոչ միայն թողնում ենք տասնյակ անմեղ մարդկանց անազատության մեջ, այլ նաև դավաճանում ենք մեր ժողովրդի ժողովրդավարական երազանքին»:

Վարդան Օսկանյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ