Ներքին 1 տարի առաջ - 14:29 05-07-2025

Հայաստանի փրկությունն իրական մրցակցային ժողովրդավարության մեջ է․ Արսեն Թավադյան

Արսեն Թավադյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սահմանադրության օրվա կապացությամբ նորից ուզում եմ կրկնել, որ`

1. Մեր Սահմանադրությունը հատկապես 2015թ.-ից հետո մեկ նպատակ ունի` ապահովել, որ 15-20 տոկոս ռեյտինգ ունեցող իշխանությունը, ունենալով միայն ադմինիստրատիվ ռեսուրս, առանց ընտրական խախտումների, լցոնումների, կարողանա հաղթել ընտրություններում: Դրա համար մենք ունենք ընտրական բարձր շեմ և միայն կուսակցական համամասնական համակարգով ընտրություն:

2. Հայաստանի Սահմանադրության բոլոր բարեփոխումների արդյունքում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները սահմանափակվել են` 1995թ.-ի խմբագրությամբ ՀՀ քաղաքացին 5 տարին մեկ ընտրում էր նախագահ, 4 տարին մեկ` ԱԺ պատգամավորներ, 3 տարին մեկ` համայնքի ղեկավար և ավագանու անդամներ առանձին: Բաց թողնենք, որ ընտրությունները կեղծվում էին. սա առնվազն իշխանություններին մշտապես զգոն էր պահում: 2015թ.-ից հետո ՀՀ քաղաքացիների 5 տարվա մեջ մասնակցում են ընդամենը 1 տեղական և 1 համապետական ընտրության: Սա ամենաքիչ թիվն է Եվրոպական խորհրդի անդամ երկրներում:

3. Ներկայիս Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով Հայաստանի քաղաքացիները չեն ընտրում նախագահ, վարչապետ, համայնքի ղեկավար, նույնիսկ չեն որոշում կոնկրետ ով է լինելու պատգամավոր և ավագանու անդամ: Ընտրությունները համամասնական ցուցակներով են, ինչը նշանակում է որ պատգամավորների և ավագանու անդամների իրական կազմը որոշվում է ընտրություններից հետո և կարող է լուրջ տարբերվել ընտրողների ցանկությունից: Սա նաև հանգեցնում է նրան, որ թեˊ Ազգային ժողով, թեˊ ավագանի ընտրվում են հիմնականում «no name» ուսապարկեր, թեˊ ընդդիմությունից, թեˊ իշխանությունից: Համամասնական համակարգը նպաստում է նրան, որ կուսակցության ղեկավարները հավաքեն իրենց շուրջը կենսագրություն չունեցող անձանց:

4. Ներկայիս Սահմանադրությամբ Հայաստանի քաղաքացիները որևէ կերպ չեն մասնակցում արդարադատության իրականացմանը: Չեմ ասում դատավորներ, դատախազներ, շերիֆներ ընտրելու մասին: Խոսքը նրա մասին է, որ ՀՀ-ում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտը: Հավաստիացնում եմ, որ երդվյալ ատենակալների առկայության պարագայում ՀՀ-ում չէին լինի այսքան քանակի ակնհայտ քաղաքական մոտիվներով քրեական գործեր:

5. Ներկայիս Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի կարգավորումներով արված է ամին ինչ, որ ընտրությունները մրցակցային չլինեն, որ նորմալ մարդիկ զզվեն ընտրություններից, չմասնակցեն դրանց, բարձր լինի ընտրություններին ընդհանրապես չմասնակցողների տոկոսը: Արդյունքում, քաղաքական գործընթացներին մասնակցում են հիմնականում անհաջողակները, որոնք որևէ այլ ոլորտում որևէ բանի չեն հասել:

6. Ներկայիս Սահմանադրությամբ հաղթող կուսակցությունը ստանում է ամեն ինչ` կարողանում է իր ձեռքը վերցնել օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունը, իրավապահ համակարգը: Միակ խնդիրը` պահել 15-20 տոկոս ռեյտինգ, որը կապահովի ընտրություններում առանց մեծ կեղծիքների հաղթանակ:

7. Արդյունքում ներկայիս Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացին օտարված է որևէ մակարդակում որոշումներ կայացնելուց, ոչ մի բանի վրա չի ազդում: Սահմանադրության այս ոգին տարածված է նաև մեր կյանքի այլ ոլորտներում` հանրային լսումները ոչ մի բան չեն որոշում, համատիրությունները չեն կառավարվում շենքի բնակիչների կողմից, բուհերի և կրթական հիմնարկների խորհուրդները բուտաֆորիա են և չեն ներկայացնում այդ կազմակերպությունների աշխատողների շահերը, նույնպիսի բուտաֆորիա են արհմիությունները:

Շատերը Հայաստանում պնդում են, որ վերջին տարիների արհավիրքները դեմոկրատիայի պատճառով են: Իրականությունը հակառակն է` Հայաստանում երբեք չի եղել իրական ժողովրդավարություն. Հայաստանում որևէ ուժ երբեք ընտրություններով չի եկել իշխանության: Մեր խնդիրների պատճառն այն է, որ ժողովուրդը ոչ մի բան չի որոշում, քաղաքական համակարգը փակ է, իսկ պահի իշխանություններն ունեն երաշխիք, որ նույնիսկ ծացր ռեյտինգով հաղթելու են ընտրություններում:

Այս ֆոնին զարմանալի չէ, որ 2018թ.-ից հայտարարված Սահմանադրության բարեփոխումները ոչ մի արդյունք չեն տալիս և հանգում են բուտաֆոր քննարկումների «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ: Սա շատ կանխատեսելի էր. ո՞ր մի իշխանությունը կհրաժարվեր իշխանության պահպանման այսպիսի լավ գործիքակազմից, որը տալիս է մեր Սահմանադրությունը:

Ես կշարունակեմ պնդել այս մտքերս և հուսով եմ, որ շատերը կհամոզվեն, որ Հայաստանի փրկությունն իրական մրցակցային ժողովրդավարության մեջ է, որը ոչ միայն թույլ կտա լավագույն մարդկանց դառնալ իշխանության մաս, այլև, որն ավելի կարևոր է, ապիկարներին արագ հեռացնել:

Հայաստանի հարստությունը մարդիկ են, որոնց ՀՀ սահմանադրությունն ամեն ձև հեռացնում է որոշումներ կայացնելուց»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում