Ներքին 1 տարի առաջ - 13:18 30-06-2025

Վարչապետի պատասխանն ապացուցում է, որ իրավապահ մարմիններին հրահանգները տալիս է հենց ինքը

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

««Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին վարչապետի պատասխանն ապացուցում է, որ իրավապահ մարմիններին հրահանգները տալիս է հենց ինքը Կառավարության ղեկավարը:

Նրա պատկերացմամբ` քանի որ իրավապահ ինչ-որ մարմնի ղեկավար նշանակվում է վարչապետի կամ Կառավարության որոշմամբ կամ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ձայներով, ուրեմն ինքն այդ մարմինների փաստացի ղեկավարն է և տիրապետում է նրանց լիազորությունները:

Նրա խոսքից ակնհայտ է, որ ինքն իրեն պատկերացնում է օպերլիազորի կամ քրեական հետախուզության բաժնի ղեկավարի դերում, որը պետք է պլանավորի հանցանքի կանխում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և այլն: Այդ տվյալները գաղտնիք են, և նա չունի դրանց ծանոթանալու իրավունք: Դա օրենքով արգելված է:

Իրավապահ մարմինների համար պատահական չէ սահմանված ապաքաղաքական լինելու պահանջ, մինչդեռ վարչապետը ՔՊ կուսակցության ղեկավարն է:

Այսինքն ի՞նչ է ստացվում. վարչապետը, յուրացնելով իրավապահ մարմինների լիազորությունները կամ միջամտելով այդ լիազորություններին, տիրապետում է օրենքով իրենից պաշտպանված տեղեկությունների և դրանք, ըստ նպատակահարմարության, օգտագործում իր քաղաքական նպատակների համար ընդդեմ իր ընդդիմախոսների:

Ընդ որում, խնդիրն այն է, որ նա իրավապահ մարմինների միջոցով իրեն ոչ հասանելի տվյալների է ապօրինաբար ծանոթանում՝ գաղտնի շրջանցելով այդ տվյալների պաշտպանության մեխանիզմները (դատարան և այլն): Անձը, ում կյանքի վերաբերյալ վարչապետն անձնական տվյալների է ծանոթանում, չունի պաշտպանվելու հնարավորություն և նույնիսկ չի էլ իմանում այն մասին, որ իր անձնական կյանքը դառնում է ապօրինի քննարկման առարկա:

Սա հստակ ապացուցվում է, օրինակ, Հովիկ Աղազարյանի գործով, երբ նրա հեռախոսը քննչական մարմինը փոխանցել էր անվտանգության մարմիններին ու դրանից էլ վարչապետին հասանելի էր դարձել հեռախոսի բովանդակությունը, որն էլ օգտագործվեց ամբողջ ՔՊ-ի կողմից քաղաքական նպատակների համար:

Նույն կերպ, նա չունի իրավապահ մարմինների միջոցով հոգևորականների անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ հավաքագրելու իրավասություն:

Ընդ որում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը կամ որևէ այլ հոգևորական հանրային իշխանության բարձրաստիճան պաշտոն չի զբաղեցնում, հետևաբար հակապես գործադիր իշխանության ղեկավարի անօրինական միջամտություններից են պաշտպանված:

Միաժամանակ, բոլորը պետք է նկատի ունենան, որ «անձնական կյանք» հասկացությունը շատ լայն է (կենցաղ, ընկերներ, գործնական կապեր և այլն) և չի նշանակում միայն ընտանեկան կյանք:

Եկեղեցականների դեպքում դա յուրահատուկ պաշտպանություն ունի հաշվի առնելով նրանց հոգևոր ծառայության առանձնահատկությունները: Այսինքն, վարչապետը չի կարող որոշել հոգևորականի անձնական կյանքի սահմանները. այդ ինքն է, որ ունի անձնական կյանքի նեղ պաշտպանություն:

Այս ամենը հաշվի առնելով եմ ասում, կազմաքանդվում է պետությունը, քանի որ այս կերպ ոչնչացվում են իրավական պետության հիմքերը, չեն գործում զսպումներն ու հակակշիռները` ժողովրդավարության պետության մեխանիզմները:

Ստացվում է` բոլոր, այդ թվում` Կառավարությունից անկախ մարմինները ծառայում են մեկ անձի, ով զբաղեցնում է գործադիր իշխանության ղեկավարի և միահեծան իշխող ՔՊ կուսակցության ղեկավարի պաշտոն, որը միաժամանակ ամենը ծառայեցնում է քաղաքական ու անձնական շահերին:

Այլ կերպ ասած, երկրում հաստատված է կուսակցապետություն եւ անձիշխանություն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան