Խոսք Ներքին 1 տարի առաջ - 19:43 20-06-2025

Նոր փորձանքի սպառնալիք. ինչ է սպասվում ՀՀ-ին Փաշինյանի՝ Թուրքիա այցից հետո

«Մինչև այսօր մենք բազմաթիվ օրինակներ ենք ունեցել հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ քննարկումներից, և դրանցից երբեք որևէ դրական արդյունք չենք ստացել։ Շարունակաբար մենք միայն կորուստներ ենք կրել, հատկապես վերջին տարիներին։ Դա էլ հիմնականում այն պատճառով, որ այս գործընթացները մնում են գաղտնի։ Ոչ ոք չգիտի՝ ինչի շուրջ են խոսելու Փաշինյանն ու Էրդողանը, ինչի մասին են պայմանավորվելու։ Այսպիսի հանդիպումներից ես անկեղծորեն վախ ունեմ։ Վախենում եմ, որ նորից ինչ-որ փորձանքի ենք բախվելու, նոր բան ենք կորցնելու։ Նույնը զգում եմ հիմա էլ, երբ հաղորդվում է, որ այս ամենը նախաձեռնվել է հենց Փաշինյանի ցանկությամբ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Նրա խոսքով՝ շրջանառվում են լուրեր, որ Էրդողան-Փաշինյան հանդիպմանը կարող է մասնակցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հիմա կմասնակցի, թե ոչ՝ չգիտեմ, բայց մեզ համար այդ հանդիպումից որևէ դրական սպասում չկա։ Եթե այդպիսի ծրագիր իսկապես կա, ապա շատ հավանական է, որ հենց Փաշինյանն է դիմել Էրդողանին՝ միջնորդելու իր և Ալիևի միջև։ Դեռ ավելի վաղ խոսվում էր, որ Թուրքիան կարող է հանդես գալ որպես միջնորդ՝ խաղաղության պայմանագիրը ձևակերպելու հարցում։ Իսկ իրականում այդ «խաղաղության պայմանագիրը» կապիտուլյացիա է։ Նման հանդիպման իմաստը կարող է լինել Ալիևին համոզելը՝ ստորագրել այդ փաստաթուղթը։ Բայց Ալիևը մինչև Հայաստանից վերջին կաթիլը չքամի, այդ փաստաթղթին մոտ չի գնա։ Նա գնում է մաքսիմալ շահի, և իր տեսանկյունից, գուցե, ճիշտ էլ վարվում է։ Եթե իր դիմաց կա մեկը, որը պատրաստ է ամեն ինչ ստորագրել՝ առանց դիմադրության, իհարկե, նա կփորձի առավելագույնը կորզել»,- նշեց թյուրքագետը։

Լոքմագյոզյանը կարծում է, որ Ալիևը ոչինչ չի ստորագրի, եթե իր վրա ճնշում չլինի՝ հատկապես Թուրքիայի կողմից։ Նա հավելեց, որ Թուրքիան, հանդես գալով որպես միջնորդ, մի քանի կարևոր նպատակ է հետապնդում։

«Նախ՝ միջնորդը միշտ մի գլուխ վերև է լինում՝ «հաշտեցնողի», «հայրընդունողի» դիրքից։ Երկրորդ՝ Թուրքիան սպասում է իր հերթին։ Դա պարզ է. Թուրքիան չի անում ոչ մի բան Հայաստանի համար՝ ոչ մեր լավության, ոչ մեր սև աչքերի համար։ Երբ Հայաստանը գնում է Էրդողանի մոտ, նա ասում է՝ գնացե՛ք, ձեր հարցերը լուծեք Ադրբեջանի հետ, նոր եկեք մեզ մոտ։ Սա նշանակում է՝ երբ վերադառնաք, մեզ մոտ գալու համար պիտի մեր պահանջներն էլ կատարեք»,- բացատրում է Լոքմագյոզյանը։

Ըստ նրա՝ ներկայիս հայկական իշխանությունները, նույնիսկ այն կետերը, որոնք սկզբում չէին ուզում ընդունել, այժմ կամաց-կամաց կատարում են։ Իսկ երբ Հայաստանը վերջապես կրկին կանգնի Թուրքիայի դռան առջև՝ պահանջները կատարած, Էրդողանը կասի՝ «տեսա՞ր, մենք էլ մերն ունենք ներկայացնելու»։

Նա համոզված է՝ Թուրքիան սպասում է հենց այդ պահին, իսկ Ալիևը ձգձգում է գործընթացը՝ իր առավելագույնը կորզելու համար։

«Իսկ օրն էլ պատահական չէ ընտրված։ Հունիսի 20-ը Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրն է։ Քաղաքականության մեջ պատահական բաներ չկան։ Եթե մեկը ասում է, թե պատահական է, մի՛ հավատացեք։ Բոլոր այս բաները սիմվոլիկ իմաստ ունեն, և սա էլ, ըստ էության, ինչ-որ ավելի վերևից ուղղորդվող շրջանակների ծրագրի մաս է։ Այդ ծրագիրն է հիմա կյանքի կոչվում»,- եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի