Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:00 20-06-2025

Աշխարհընկալման բանաձև ունենալու համար նախ պետք է մարդ դառնալ

Աշխարհընկալումը կարող է ազգային, ապազգային, կրոնական, հուզական, գիտական հիմքեր, աստառ ու շրջանակ ունենալ։ Կարող է հիմնված լինել սիրո, ներդաշնակության, ատելության, վախի, դավադրության տեսության, էզոտերիկ ուսմունքի և այլ բաների վրա։

«Այն ամեն ինչը, ինչ որ դնում են այստեղ, որևէ մեկը Հայաստանում ծնված ընկալում չէ: Ամբողջ արտաքին խոսույթներից ծաղկաքաղ է, որ բերվում է այս ամբիոն և այս ամբիոնից մատուցվում է»,- հունիսի 19-ի ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանն, ապա հավելել,- «Մենք աշխարհի ընկալման մեր սեփական բանաձևերը չունենք: Աշխարհը շարունակում է մեզ համար մնալ անծանոթ վայր: Եվ դա է պատճառը, որ աշխարհի մեր ընկալումն այն է, որ աշխարհը ծայրահեղ, անարդար վայր է»։

Այսպիսով ակնարկվում է, որ պատգամավորի, նախարարի և իր աշխարհընկալումը հիմնված է խորթ, օտար ազգերի աշխարհընկալումների վրա: Այսպիսի բան հնարավոր է գաղութներում, սահմանափակ ինքնիշխանություն ունեցող երկրներում, որտեղ պաշտոնյան դրածո է, աշխարհին նայում է օտարի, գաղութատիրոջ աչքերով, սպասարկում օտար ազգային շահեր։ Սա խայտառակ մեղադրանք է։

Զարմանալի չէ, որ Փաշինյանն աշխարհընկալման սեփական բանաձև չունի։ Նա նույն ելույթում խոստովանում է, որ 2018-2022-ին եղել է ֆոպոստի վարչապետ։ Այսինքն՝ աշխարհին նայել է Մոսկվայի հայացքով։ Եթե նա 2025-ի հունիսի 19-ին ասում է, որ մենք աշխարհի ընկալման մեր սեփական բանաձևը չունենք, նշանակում է՝ այսօր էլ նա նույն կարգավիճակում է։

Ի՞նչ է անհրաժեշտ, որ Փաշինյանը, պատգամավորն ու նախարարն ունենան աշխարհընկալման սեփական բանաձև։

Պետության գոյությունը չի որոշվում նրա տարածքային ամբողջականությամբ, ինչպես կարծում է Փաշինյանը։ Սահմաններն անվերջ կարող են փոփոխվել։ Պետությունը որոշվում է ազգային իդեալով, որն ազգի-պետության տեղի, դերի, առաքելության, նպատակի, անելիքի համառոտագրությունն է։ Այն հիմնված է ազգային արժեքների վրա։ Իդեալի վրա են խարսխվում կառավարության ծրագրերը, հայեցակարգերը։ Այսինքն՝ եթե պետությունն ունի ազգային իդեալ, ապա անկախ է։

Եթե Փաշինյանի, նախարարի, պատգամավորի կարծիքով՝ ՀՀ-ն անկախ չէ, ռուսական ֆորպոստ է, ապա օրինաչափ է, որ նրանք սեփական աշխարհընկալում չունեն։ Այսինքն՝ առաջին հերթին անհրաժեշտ է, որ նախարարը, պատգամավորը, վարչապետը հավատան, որ ՀՀ-ն անկախ է։

Սա առաջին ու վերջին քայլն է, որը թույլ է տալիս աշխարհը դիտել Երևանի հայացքով, ազգային շահերի տեսանկյունից։ Այս հավատն է ձևավորում ազգային շահերի շրջանակ, որը ֆրանսիացիներն ասում են՝ Raison d'État։

«Իսկ կարո՞ղ է պարզապես մենք չենք ճանաչում աշխարհը, մենք չգիտենք աշխարհը, չգիտենք այնտեղ ապրելու կանոնները, որովհետև եթե դու երթևեկության կանոնները չգիտես և անընդհատ վրաերթի ես ենթարկվում, այդ փողոցը քեզ համար ամենաանարդար վայրն է: Դու չես հասկանում՝ ինչու են քո վրայով անընդհատ մեքենա քշում և ասում ես այս ինչ անարդար տեղ եմ ես ընկել»,- հռետորական հարց է բարձրացում Փաշինյանը։

Սա ոչ ճիշտ դիտարկում է։ Սեփական աշխարհընկալում չունենալու պատճառը ոչ թե աշխարհի կարգի ու կանոնների մասին անտեղյակությունն է, այլ կասկածը, թե Հայաստանն անկախ չէ, ազատ աշխարհի ներդաշնակ մասը, միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտը չէ։ Քաղաքական տգիտությունը դրա հետևանքն է։ Եթե քաղաքական պաշտոնյայի պատկերացումներում Հայաստանը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ չէ, ապա նրան պետք էլ չէ հասկանալ աշխարհակարգն ու խաղի կանոնները։ Գաղութում պաշտոնյայից կրթական ցենզ չի պահանջվում։ Նախկին մի վարչապետ կարծում էր, թե Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար կրթությունն անհրաժեշտ չէ։

Պատկերավոր ասած՝ անկախ Հայաստանի գոյությանը չհավատացողը նման է փոքր երեխայի, որը փողոցն անցնում է հայրիկի ձեռքը պինդ բռնած, կանգնում կամ անցնում է, երբ նրան հրամայում է պապան։ Երեխան չգիտի երթևեկության կանոնները։ Դրանք սկսում է սովորել մարդ դառնալու ճանապարհին։ Այսինքն՝ աշխարհընկալման սեփական բանաձև ունենալու համար անհրաժեշտ է մարդ դառնալ, հավատալ, որ Հայաստանն անկախ է ու անկախության պաշտպանությանն ուղղված իրական քայլեր անել։ Այդ ժամանակ պատգամավորն ու վարչապետը, բնականաբար՝ ձեռք կբերեն աշխարհի ընկալման սեփական բանաձև։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան