Ներքին 1 տարի առաջ - 23:02 07-06-2025

Եկեղեցին վաղը կնշի Հոգեգալստյան տոնը

Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին կնշի Հոգեգալուստյան (Պենտեկոստե) տոնը։

Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):

Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է «Գործք Առաքելոց»-ում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):

Աստվածաշնչյան այս հատվածում նշվում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին, զարմացան` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով:

Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալի` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը: Հայ Առաքելական եկեղեցու սահմանած՝ տարվա չորս եղանակների պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Ս. Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը Հոգեգալստյան կիրակին է):

Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տևում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում