Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:20 21-05-2025

Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պատմության թանգարանում ու ինչ գտավ

Թանգարանների այցելուները քիչ են։ Դրանք հիմնականում զբոսաշրջիկներն են, դպրոցական աշակերտները, որոնց կազմակերպված բերում են։ Եթե շատ հայտնի ցուցանմուշ չկա, ինչպես օրինակ՝ Անահիտ աստվածուհու գլուխն ու ձեռքը, ապա շատ քիչ մարդ է մտնում թանգարան։ Մտնողների մեծ մասն էլ ոչ գիտելիք է ստանում, ոչ էլ հոգեպես հարստանում։ Ինչպես երեխաներն են բաց թողնում գրքի տեքստն ու դիտում միայն նկարներն, այնպես էլ թանգարան այցելողների մեծ մասը դիտում է ցուցանմուշները որպես նկար, առանց դրանց մեջ բան փնտրելու կամ գտնելու, որովհետև ապրում են գերազանցապես կենցաղային հետաքրքրություններով։

«Աշխատանքային օրվա կեսին «Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը տեսնելու սուր անհրաժեշտություն զգացի»,- այսպիսի գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին ու հրապարակել տեսանյութ, թե ինչպես է այցելում Պատմության թանգարան, դիտում ցուցանմուշները։

Ի՞նչ էր փնտրում վարչապետը Պատմության թանգարանի ցուցանմուշների շարքում ու ինչ չգտավ։

Հայաստանի պատմության թանգարանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մայիսի 17-ից «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվել է մշտական ցուցադրության «Պետականության վերականգնման ուղիներով. 15–18-րդ դարեր» խորագրով հատվածը։

Իհարկե՝ 18-րդ դարում անկախության վերականգնման գաղափարներ են քննարկվել Իսրայել Օրու նախաձեռնությամբ, սակայն անպտուղ, քանի որ քաղաքականապես տհաս էին ու անկազմակերպ։ 18-րդ դարում նաև քաղաքական փոքր առաջընթաց է տեղի ունեցել, ձևավորվել են Խամսայի մելիքությունները, որոնք ինքնավարություն ունեին Պարսկաստանի ենթկայության ներքո։ Ենթադրելի է, որ այս թեմաները չեն Փաշինյանին տարել թանգարան։

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները ջանք են գործադրում, որ հանրությանն ու աշխարհին ապացուցեն, թե անկախության ջատագով են, անկախության պաշպանության, ամրացման շարժում են վարում։ Արտաքին գործընկերները ակնկալում են իրական քայլեր։ Ժողովուրդը նույնպես հույս է փայփայում, որ այս ուղղությամբ քայլեր կարվեն առաջիկայում։ Սակայն բան չի արվում, բան չկա ցույց տալու, թե ինչ են անում անկախության ամրացման ուղղությամբ։ Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է պատմության թանգարան, որ ցուցադրության կազմակերպիչների օգնությամբ գտնի ստեղծված անհարմար իրավիճակից դուրս գալու բանալին։

Պատմության թանգարանում ցուցադրված ցուցանմուշները պետականության վերականգնման թեմայի հետ շատ հեռավոր առնչություն ունեն։ Պետք է շատ վառ երևակայություն ունենալ, դրանք պետականության վերականգնման ուղիների հետ վերացականորեն կապելու համար։

Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանին գրավել է վերացարկումը, սպեկուլյացիան։ Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է Ղուկաս Վանանդեցու պատրաստած աստրոլաբը ասոցիացնել պետականության վերականգնման ուղիների հետ։ Սա բանալի կարող է դառնալ։ «Կրթվելը նորաձև է» արշավը կարող են մատուցել որպես անկախության պաշտպանության շարժման արար, ապօրինի գույքի բռնագրավումները կներկայացնեն շարժման վճռական ճակատամարտ և այլն։

Կարճ ասած՝ առաջիկայում սպասվում են սպեկուլյացիաներ։ Կրկին օդ են վաճառելու՝ անկախության ուղղությամբ իրական քայլեր անելու փոխարեն։ Նրանց այս հարցում օգնելու են խորհրդարանական ընդդիմադիր նվեր ուժերը, որոնք այնպիսի ապապետական խոսույթ են զարգացնելու, որ այդ ֆոնին Փաշինյանն էժան սպեկուլյացիաներով փայլելու է որպես անկախության իրական պաշտպան։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը