Ներքին 1 տարի առաջ - 19:52 19-05-2025

Արցախի Ասկերանի շրջանի Տանկ-հուշարձանն ու Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված համալիրը ոչնչացվել են

2025 թվականի մայիս ամսին Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում թիմի կողմից արբանյակային պատկերների ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ Ադրբեջանի կողմից ծանր շինարարական տեխնիկայի միջամտությամբ Արցախի Ասկերանի շրջանում ոչնչացվել է Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը ՝ բաղկացած 3 խաչքարերից և այլ կարևոր արժեքներից, այդ թվում՝

1) Խաչքար Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ (2015 թ․)
2) Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945 թթ․) զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
3) «Փառք հայրենիքի պաշտպաններին» հուշապատ
4) Սումգայիթի ջարդերի զոհերին նվիրված խաչքար
5) Կոթողներքևում զինվորներ (3հոգի) վերևում՝ Ոսկե արծիվ շքանշանի պատկեր։
6) Ջուղայի խաչքարերի նմանությամբ խաչքար, որը կանգնեցված էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման 100 ամյակի առթիվ՝ (2015թ)։

2025 թվականի մայիսի 11-ին դիտարկված արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2024 թվականի ապրիլ ամսից մինչ 2025 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հուշարձանի տարածքում շինտեխնիկայի կուտակում կա, իսկ հուշարձանը ավերված է, իսկ 2023 թվականի դիտարկումները ցույց էին տվել, որ հուշարձանը կանգուն էր։ Հուշարձանի ոչնչացման «շարժառիթը» ադրբեջանական նոր ճանապարհաշինական աշխատանքներն են։

Հավելենք, որ հուշահամալիրը մայիսյան Եռատոնի համար առանցքային նշանակության հուշարձան էր, որտեղ մայիսի 9-ին հավաքվում էին շրջանի բնակիչները՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական Մեծ պատերազմին, Շուշիի ազատագրման հերոսներին։ Իսկ ապրիլի 24-ին այստեղ էին ոգեկոչում Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին։ Այս տեսանկյունից հուշահամալիրի ոչնչացումը նաև արցախահայերի մշակույթի իրավունքին հասցված հարված է:

Բացի այդ, Ադրբեջանի կողմից ոչնչացվել է Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված Տանկ-հուշարձանը (https://aparaj.am/tankic-tank-dirkhic-dirkh-hyd-ayem-eh-arcaxi-drosheh-bardzracrec-askerani-tank-hushardzanin/ )։

Այն կազմված էր քարե պատվանդանից, վերջինիս վրա կանգնեցված Տ-72 տանկից և հարակից պուրակից, որի վրա ծածանվում էր ՀՀ դրոշը։ Արբանյակային պատկերների 2023 թվականի դիտարկումները ցույց են տվել, որ հուշարձանը դեռ կանգուն է, սակայն արդեն 2024 թվականի պատկերները ապացուցում են, որ հուշարձանը ավերված է։

Հարկ է նշել, որ Ասկերանի Տանկ-հուշարձանը մեծ նշանակություն է ունեցել արցախահայերի կյանքում․ 1992 թվականին Շուշիի ազատագրման առթիվ յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին Ասկերանի շրջանի և այլ վայրերի բնակչությունը այցելել է Ասկերանի տանկ-հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։ Բացի այդ, այստեղ են կազմակերպվել են նաև Արցախի Պաշտպանության բանակի զինված ուժերի նորակոչիկների երդման զինվորական հանդիսավոր արարողությունները։

Մեր արձագանքը

Արցախի Ասկերանի շրջանի Հայրենական պատերազմի զոհերին, Արցախյան ազատամարտին և Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանների և խաչքարերի ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։

Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։

Կարևոր է նշել, որ խաչքարերի թիրախավորումը հատկապես արգելված գործողություն է և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ