Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:30 16-05-2025

Սկանդալներ, «դավաճանություն» և ոչ միայն. ինչը չներեց Փաշինյանը Դիանա Գասպարյանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը, ով Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին կին քաղաքապետն էր, հեռանում է։ Վերջինս երեկ հայտնեց իր որոշման մասին՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել իր քաղաքական առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին, իսկ արդեն այսօր նա պաշտոնապես հրաժեշտ տվեց համայնքապետարանի անձնակազմին։

Դիանա Գասպարյանը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը ղեկավարում էր 2018-ից՝ այն բանից հետո, երբ նախկին քաղաքապետը՝ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել։ Գասպարյանը 2018-ի հունիսի 27-ին նշանակվեց քաղաքապետի պաշտոնակատար և ԺՊ-ի կարգավիճակով մասնակեց նույն թվականի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններին և հաղթեց, ապա վերընտրվեց նաև 2021-ի դեկտեմբերի 5-ի ընտրություններում։

Թեպետ համայնքի ղեկավարի պաշտոնը թողնելու որոշումը Գասպարյանը հիմնավորում է այն իրողությամբ, որ կյանքի այս փուլում ցանկանում է իրեն նվիրել ընտանեկան կյանքին, երեխայի դաստիարակության և իր ընտանիքի ընդլայնմանը, սակայն ներքաղաքական զարգացումներին ու Դիանա Գասպարյանի մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային միջադեպերին քիչ թե շատ ծանոթ քաղաքացիներին այն հավատ չի ներշնչում։ Բացի այդ, Գասպարյանի պաշտոնավարմանը մնացել էր մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատված, ուստի եթե հեռանալու պատճառն իսկապես իր հիշատակած իրողություններն էին, ապա նա դա կարող էր անել առնվազն հաջորդ տարի։

Oragir.News-ը ներկայացնում է, թե ինչ սկանդալներով աչքի ընկավ Դիանա Գասպարյանը՝ իր պաշտոնավարման 7 տարվա ընթացքում.

Դիանա Գասպարյանը վերջին ամիսներին հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում՝ Էջմիածնի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած սպանությունից հետո, որը պատկանում էր վերջինիս սկեսրայրին։ Ավելի ուշ մամուլը գրեց, որ մայիսի սկզբին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է նաև Դիանա Գասպարյանի պաշտոնավարման հարցը ու հավանաբար հենց այդ ժամանակ էլ որոշում է կայացվել, որ նա առաջիկայում կթողնի պաշտոնը։

Սա Դիանա Գասպարյանին առնչվող միակ սկանդալը չէր։ 2023-ի վերջին սկանդալի կենտրոնում էր հայտնվել նաև Դիանա Գասպարյանի ամուսինը՝ Արամայիս Միրզոյանը, ով Վաղարշապատի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Այն ժամանակ «Հետք»-ը բացահայտել էր, որ Գասպարյանի սկեսուրը Էջմիածնում ապօրինի շինարարություն էր սկսել.

Մասնավորապես՝ Գասպարյանի ամուսնու ընտանիքը Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես էր սկսել առանց շինթույլտվության, բացի այդ, համայնքապետի ընտանիքին 1.2 հեկտար հող անցել էր կասկածելի հանգամանքներում։ Այս բացահայտումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվեց։ Բացի այդ, Դիանա Գասպարյանի ամուսնու վերջին տարիների հայտարարագրում կան էական անհամապատասխանություններ։

2021 թվականի հունիսին համացանցում հայտնվեց Դիանա Գասպարյանի և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների այն ժամանակվա նախարար Սուրեն Պապիկյանի սկանդալային հեռախոսազրույցը, որում Գասպարյանը դժգոհում էր Նիկոլ Փաշինյանից՝ հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա. «Թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»: Ի պատասխան նրան` Պապիկյանը հորդորում է պահպանել հանգստություն։

Մամուլում այն ժամանակ գրվեց, որ հեռախոսզանգը տեղի է ունեցել 2021-ի հունիսի 7-ին՝ Էջմիածնում Փաշինյանի սակավաթիվ հանրահավաքից հետո։ Ըստ հրապարակման՝ Փաշինյանը հարբած զանգել է Դիանա Գասպարյանին, նրա հասցեին վերջին հայհոյանքները տվել՝ մեղադրելով 2 տարում իր ողջ ռեսուրսը մսխելու մեջ, ինչպես նաև սպառնալով, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը և սկսելու է հենց Էջմիածնից: Ավելի ուշ Գասպարյանը վստահեցրել էր, թե հիշյալ հեռախոսազրուցը տեղի էր ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դիրքերում գտնվող տղաներին կոչ էր արել հավաքվել Երևանում՝ վստահեցնելով, որ իր «բոլոր հարցերը ստացել են իրենց պատասխանները» և նա շարունակում է իր թիմի և վարչապետի Նիկոլ Փաշինյանի կողքին լինել։

Դիանա Գասպարյանի մասնակցությամբ մեկ այլ սկանդալային միջադեպ էլ տեղի ունեցավ 2020 թվականի փետրվարին, երբ ողջ աշխարհում տարածվում էր կորնավիրուսային համավարակը, իսկ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ էր իրականացնում։ Գասպարյանը «այո»-ի դրամահավաքի միջոցառմանը գնացել էր էջմիածինցիներին քաջ հայտնի Արամի ուղեկցությամբ, ինչը զայրացրել էր Նիկոլ Փաշինյանին։ Արամը Մանվել Գրիգորյանի նախկին քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի մտերիմներից է, որի հետ կապերը պահպանվում են նաև իշխանափոխությունից հետո։ Այս երիտասարդն էջմիածինցիների հիշողությունում մնացել է հատկապես քաղաքապետի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքներից, երբ բնակչության զգալի մասը «ոչ» էր ասում Գրիգորյանների կլանին ու մերժում քաղաքապետ որդուն, իսկ ինքը՝ Արամը, հոսանքին հակառակ՝ պաշտպանում էր Կարեն Գրիգորյանին։ Այդ օրերին նրան մշտապես կարելի էր տեսնել Կարեն Գրիգորյանին սատարողների թիմում ու հատկապես նրա կողքին։

Այս ամենը համադրության արդյունքում հարց է առաջանում՝ Դիանա Գասպարյանը հեռանո՞ւմ է, թե՞ նրան հեռացնում են ՔՊ-ի շարքերից՝ առաջիկա ընտրություններում ավելի ներկայանալի դիրքերից հանդես գալու համար։ Չենք բացառում նաև, որ գուցե Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ ներել Գասպարյանի «դավաճանությունը» և հարմար պահ գտնելով պարզազպես ձերբազատվում է նրանցից …

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ