Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 14-05-2025

Մարտի 1-ի գործը կփորձեն կիրառել որպես շանտաժի լծակ

2008-ի Մարտի 1-ի քաղաքական պատասխանատվությունը միավորում է այսօրվա քաղաքական մեծամասնությանն ու ընդդիմությանը։ Ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանին են մեղադրում ողբերգության մեջ, որի քաղաքական պատասխանատուն այդ օրերին քաղաքականություն որոշողներն են՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Սպանությունների մի մասը չեն բացահայտվել։ Որոշ վարկածներ չեն հերքվել, բազմաթիվ դրվագներ իրավական գնահատական չեն ստացել։ Այս օրվան առնչվող ցանկացած նորություն այսօր էլ հանրային լայն արձագանք է ստանում, քանի որ դրան հազարավոր մարդիկ են առնչվել։

«Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է: Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել, և այս պահին ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում այդ գործով»:- Այս մասին ԱԺ մայիսի 13-ի նիստում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչ նորություն կա Մարտի 1-ի բացահայտումից:

Ինչո՞ւ են կրկին վերաբացում Մարտի 1-ը։ Ի՞նչ է ակնկալվում վերաքննության արդյունքում։

«Կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի և անաչառ քննություն, սակայն խոստում և հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ: Այս մասին եթե ունենանք համապատասխան արդյունքներ, հանրությունը և Դուք կտեղեկացվեք միանշանակ»,- հավելել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։

Մարտի 1-ի գործը հիանալի գործիք է, որով Նիկոլ Փաշինյանը ցանկացած պահի կարող է շանտաժի ենթարկել իր ներկայիս մրցակից-գործընկերներին։ Նախկին նախագահների ուղղակի և անուղղակի աջակցությամբ է Փաշինյանն եկել իշխանության 2018-ին։ ՔՊ-ն ներկայիս խորհրդարանական ընդդիմությանը համարում է «նվեր», այսինքն՝ ցանկալի մրցակից-գործընկեր։ 2021-ի ընտրություններում ՔՊ ընտրում էին, որ նախկինները չգան։

Ներկայումս նույն մարտավարությունն է որդեգրվել։ ՔՊ-ն դարձյալ ատելություն է գեներացնում նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այս ատելությունն է դառնալու ՔՊ քարոզարշավի առանցքը ԱԺ 2026-ի ընտրություններում։ Այս մասին արդեն թափանցիկ ակնարկ են անում բարձրաստիճան պաշտոնյաները։ Հետևաբար՝ ՔՊ-ին անհրաժեշտ է, որ նախկին նախագահները մասնակցեն առաջիկա ընտրություններին։ Հակառակ դեպքում Փաշինյանը չի կարող ժողովրդին վախեցնել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի վերադարձով։ Մարդիկ էլ ձայն չեն տա ՔՊ-ին, որ նախկինները հետ չգան։

Այսինքն՝ եթե նախկինները չմասնակցեն ընտրություններին, ապա ՔՊ-ի քարոզարշավը կփլուզվի, ու Փաշինյանը, հավանաբար՝ կպարտվի։ Արդյունքում հնարավոր է՝ կփոխվի ՀՀ քաղաքական ուղեգիծը։ Նոր իշխանությունը, հավանաբար, կփորձի անկախության ու ժողովրդավարության իրական բարեփոխումներ իրականացնել, չեզոքացնել ռուս-թուրք-ադրբեջանական սպառնալիքները, վերականգնել ազգային իրավունքները և այլն։ Այս պատճառով ՔՊ-ն ու նրա կրեմլյան հովանավորները պետք է մի բան անեն, որ նախկինները չկարողանան «ձիով քայլ» անել ու անսպասելի դուրս գալ մրցապայքարից կամ փոխել ռուսամետ, հակաքաղաքակրթական խոսույթը։ Փորձված գործիքը Մարտի 1-ի գործի վերաքննությունն է։ Այս գործիքով, հավանաբար, կփորձեն շանտաժի ենթարկել 2008-ի քաղաքական պատասխանատուներին, սպառնալով քրեական հետապնդման ենթարկել, եթե նրանք չշարունակեն նպաստել ներկայիս խորհրդարանական ուժերի վերարտադրությանը նաև 2026-ին։

Կարճ ասած՝ ենթադրելի է, որ նախկինները կտրվեն շանտաժին ու կազմակերպված կներգրավվեն Փաշինյանին հակակշռելու անշնորհակալ գործին։ Այս դեպքում՝ Մարտի 1-ով նոր բացահայտումներ չեն լինի։ Մի քանի աղմկահարույց կասկածներ կհրապարակեն, որոնք մի քանի օր անց թաքուն կհերքեն։ Այսքանով էլ կավարտվի Մարտի 1-ի գործի հերթական շահարկումը Փաշինյանի ձեռամբ։ Իսկ ՀՀ-ն կմնա նույն ճահճում, ո՛չ խաղաղություն կլինի, ո՛չ ճանապարհները կբացվեն, ՀՀ-ից բռնազավթված հատվածներն էլ անհույս կսպասեն, թե երբ սահմազատումը կհասնի իրենց։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ