Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:45 16-04-2025

Փաշինյանի օրոք ասֆալտի բիզնեսը պետբյուջեն գռփելու լավագույն ձևերից է դարձել․ 2000 կմ-ի հակառակ կողմը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Ճիշտնասած չեմ կասկածում, որ իրենք կարող է այդքան ասֆալտ արած լինեն Հայաստանում, որովհետև ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և ամբողջ աշխարհում ասֆալտի բիզնեսը, մանավանդ իշխանությունների կողմից, պետբյուջեն թալանելու, գռփելու լավագույն ձևերից մեկն է։ Ասֆալտ անելն այստեղ օրինականացված կոռուպցիա է, հետևաբար՝ եթե նայենք, թե ովքեր են ասֆալտի՝ ճանապարհաշինական ընկերություններ բացել վերջին տարիներին, կտեսնենք, որ մեկն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրն է, մյուսը Տարածքային կառավարման նախկին ու ներկա նախարարների մտերիմներն են, Ճանապարհային դեպարտամենտի արդեն նախկին տնօրեն Գոռ Ավետիսյանի հայրն էր այդ գործով զբաղվում, ով հետո ինչ-որ կոռուպցիոն գործարքի մեջ բռնվել էր, երևի «չէր կիսվել» իշխանությունների հետ, նրանց նեղ շրջանակները և բազում այսպիսի դեպքեր կան»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ նախորդ 7 տարում Հայաստանում 2000 կմ ճանապարհ է կառուցվել ու հիմնանորոգվել։

Նշենք, նախօրեին ԱԺ-ում կառավարության ղեկավարը հայտնել էր, որ 2018-2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատ հավելյալ 242 միլիարդ դրամ է տրամադրվել ճանապարհների կառուցման համար, և նախորդող 7 տարիների համեմատությամբ՝ կառուցվել, հիմնանորոգվել և նորոգվել է 2 հազար կիլոմետր հավելյալ ճանապարհ։ «Սա 2011-2017-ի նկատմամբ հավելյալն է, այսինքն՝ այդ նախորդող շրջանի նկատմամբ 576 տոկոսով ավելի շատ ճանապարհ է նորոգվել, հիմնանորոգվել, կառուցվել»,- ասել էր նա՝ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

Նաիրի Հոխիկյանը շեշտում է՝ ամիսներ առաջ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում 1 կմ ճանապարհ ասֆալտապատելու համար 53-54 մլն դրամ էր դուրս գրվել։ Ըստ նրա՝ տեխնիկատնտեսական հաշվարկներն ու կատարված աշխատանքն ուսումնասիրելիս պարզ է դարձել, որ 1 կմ ճանապարհ ասֆալտապատվել է, բայց ասֆալտի շերտի հաստությունը, համապատասխան գրունտային և խճաքարային շերտերում առնվազն 40 տոկոսի յուրացում է կատարվել․

«Իշխանություններն ու նրանց ենթակա իրավապահ մարմիններն էլ ամեն կերպ ծածկում էին ՔՊ-ական իշխանության կողմից առերևույթ կատարված յուրացումները։ Նիկոլ Փաշինյանն ու իր նեղ շրջապատը ասֆալտի միջոցով պետբյուջեի փողերը յուրացնելու հետաքրքիր ձև են գտել․ եթե նախկին իշխանությունների օրոք նրանց ենթակա գործարարներն ու ասֆալտ անողները միայն ասֆալտային շերտի մեջ էին յուրացումներ անում, ապա սրանք թե՛ ասֆալտային շերտի հաստության մեջ են յուրացումներ անում, թե՛ ասֆալտապատ ճանապարհի լայնության։

Օրինակ՝ Տաթև-Լծեն ճանապարհի լայնությունը տեխնիկատնտեսական հաշվարկներով պիտի լինի կարծեմ 7 մ, այս մարդիկ արել են 6 մ։ Հիմա պատկերացրեք՝ X կմ երկարությամբ ճանապարհի մեջ եթե 50-60 սմ էլ ասֆալտ խնայեն ու փողը դուրս գրեն պետբյուջեից, արդեն պարզ է դառնում, թե ինչպիսի հսկայական գումարներ են յուրացնում այս ամենից։ էնպես որ՝ չզարմանանք, որ Նիկոլ Փաշինյանն այո՛ ասֆալտ արած կլինի, բայց այդ ասֆալտն ի՞նչ որակ ունի ու դրա մեջ պետբյուջեից ինչքա՞ն գումար են յուրացրել, դա արդեն հարցի մյուս կողմն է»։

Oragir.News-ի դիտարկմանը, թե նախորդ 7 տարվա հետ համեմատությունը որքանո՞վ է տեղին, երբ այն ժամանակ ճանապարհներ էին կառուցվում նաև Արցախում, օրինակ՝ Վարդենիս–Մարտակերտ ավտոճանապարհը և այլն, որոնք Նիկոլ Փաշինյանի օրոք հանձնվեցին Ադրբեջանին՝ Նաիրի Հոխիկյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում էլ էր ասֆալտ արվում, բայց իշխանությունն ամեն առիթով այն չէր շեփորահարում ու մատնացույց անում։

«Իհարկե՛ ասֆալտ արվել է ու բավականին մեծ քանակով, ինչպես Դուք նշեցիք, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն է կառուցվել, բայց դրանից բացի տեսել ենք, որ նույն Հյուսիս-հարավ ճանապարհը, որը սկսեցին կառուցել, կամ Երևանից մինչև Արտաշատ քաղաք ձգվող ճանապարհը, դրանք կառուցվել են մինչև 2018 թվականը։ Նույն կերպ դեպի հյուսիս՝ դեպի Գյումրի տանող ճանապարհը, որն էլի Հյուսիս-հարավի մի մասն է, էլի մինչև 2018 թվականն է կառուցվել, բայց ի տարբերություն այսօրվա պոպուլիստների՝ այդ մասին անընդհատ չի շեփորահարվել։ Իհարկե՛ նախկինում ևս պետական ճանապարհների կառուցման մեջ պետբյուջեից գումարներ յուրացվում էին․ մենք գիտենք իսպանացիների կողմից յուրացումներ կատարվեցին, բնականաբար ոչ առանց հայ պաշտոնյաների մասնակցության»,- ասաց նա։

Հոխիկյանը հավելեց՝ թվերին չի տիրապետում, ուստի չի կարող ասել, թե որ իշխանության օրոք որքան ասֆալտ է արվել, սակայն հստակ է, որ դա արվել է, ինչը պետության և կառավարության պարտականությունն է, այլ ոչ թե գլուխ գովալու առարկա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ