Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:45 15-04-2025

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, 2 ժողովուրդներն արժանի են դրան. Փաշինյան

Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ Կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, խոսույթին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա։ Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ՝ չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։

Բայց չթիրախավորված կրակոցներն այս ընթացքում լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։ Նշյալ կրակոցները կա՛մ Ադրբեջանի Զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կա՛մ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։

Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Միևնույն ժամանակ, կրկին Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։

Այս համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։

Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։

Հիմնվելով այս իրողությունների վրա՝ Հայաստանում և Ադրբեջանում գործող բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում