Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:00 04-04-2025

Իշխող ռեժիմը խստացումներով և տուգանքներով մարդկանց կյանքը հնարավորինս բարդացնում է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Այս պահին իշխող ռեժիմը փորձում է հնարավորինս ավելացնել բոլոր տուգանքները, բոլոր պատիժները, թղթաբանության առումով ամեն ինչ բարդանցում է, անիմաստ կանոններ, օրենքներ, մարդկանց կյանք բարդացնող կարգավորումներ են ընդունում և այլն։ Կարծում եմ՝ նպատակն այն է, որ մարդկանց առօրյայում հնարավորինս շատ խնդիրներ ստեղծվեն, որ մարդիկ հարցեր տալու ժամանակ չունենան, թե այս իշխանությունն ինչով է զբաղված՝ արդեն ավելի գլոբալ հարցերում»,– Օragir.News–ի հետ զրույցում այս մասին նշեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու պատիժները խստացնելու կառավարության մտադրությունը։

Նշենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ նախատեսում է խստացնել զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսվող պատիժները՝ նպատակ ունենալով նվազեցնել զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերը։ Ըստ այդմ՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, զորահավաքային զորակոչից խուսափելու համար նախատեսված 2-ից 5 տարի պատիժը կառավարությունն առաջարկում է դարձնել 3ից 6 տարի։ Վարժական հավաքից խուսափելու համար թե նախկինում սահմանվում էր պատիժ տուգանքի ձևով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, ապա կառավարությունն առաջարկում է տուգանք սահմանել տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, ազատազրկում՝ 1ից 3 տարի ժամկետով:

Կարեն Վրթանեսյանը նկատում է՝ Հայաստանում ազատությունների և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը գնալով վատթարանում է։ Նրա համոզմամբ՝ տուգանքներն ու խստացումներն իրականում շատ հարմար գործիք են, որպեսզի մարդիկ այդ ամեն ինչի մասին մտածելու ժամանակ պարզապես չունենան․

«Երկրորդ խնդիրն այն է, որ այդ վարժական հավաքները մեծ հաշվով հակասահմանադրական են, գոնե այն տեսքով, որով հիմա են։ Ըստ էության, դրանք շատ կամայական են, չկա հստակ մեխանիզմ, որով կորոշվի, հստակ կսահմանվի, թե ով կանչվելու այդ հավաքներին, ով՝ ոչ։ Բացի այդ, ահավոր վատն է ծանուցման համակարգը։ Չունենալով ծանուցման համակարգ՝ օրենք են ընդունել, ըստ որի, քաղաքացին Azdarar.am կայքով համարվում է ծանուցված, բայց մարդիկ պարտավոր չեն մտնել այդ կայք և ստուգել՝ իրենց կանչե՞լ են, թե՞ ոչ, իրենք չգիտեն՝ երբ են իրենց կանչելու կամ առհասարակ՝ կանչե՞լու են, թե՞ չեն կանչելու, իսկ կայքը շատ վատ է աշխատում, այնտեղ շատ դժվար է ինչ-որ ծանուցում գտնելը։ Մարդիկ պետք է ամեն օր մտնեն այդ կայքը ու փորձեն գտնել իրենց ծանուցումը, և փաստ չի, որ կկարողանան գտնել»։

Փորձագետը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրում այն բանին, որ հիշյալ կայքը անհատական տվյալների պաշտպանության լուրջ խնդիր ունի։ Նա նշեց, որ մարդկանց անձնական տվյալները բացեիբաց դրվում են ծանուցումների մեջ և հասնալի դառնում բոլորին։ «Մի խոսքով՝ սրանք տոտալ ապօրինություններ են, որոնք բերվում են օրենքի տեսքով»,– ասաց նա։

Կարեն Վրթանեսյանը շեշտում է՝ այն, ինչը կառավարությունն անվանում է վարժական հավաքներ, իրականում վարժական հավաքներ չեն։ Նրա խոսքով՝ դա պարտական զինվորական ծառայություն է, որն իր մեջ նաև մարտական հերթապահություն է ներառում․ «Մարդիկ լուրջ պատրաստություն չեն անցնում այդ հավաքների ժամանակ, իսկ ով հակառակն է պնդում՝ խաբում է։ Հազվադեպ եթե տվյալ խմբում նորմալ հրահանգիչ կամ մասնագետ լինի՝ հենց ինքը լինելով հավաքների մասնակից, գուցե իր մարտական ընկերների համար ինչ-որ պարապմունքներ անցկացնի, բայց այն 7 օրը, որը հատկացվում է իբրև թե նախապատրաստվելու համար՝ մինչև մարտական հերթապահության գնալը, բավարար չէ՝ ռեալ գիտելիքները թարմացնելու համար, մանավանդ որ պատերազմ վարելու մեթոդները կտրուկ փոխվել են։ Դա ցույց է տալիս Ուկրաինայի պատերազմը, մեր 44–օրյա պատերազմը։ Այսինքն՝ անունը դնում են վարժական հավաք, դա խաբեություն է, դրանք վարժական հավաքներ չեն։ Դրանք իրենց կողմից բանակում ստեղծված ճգնաժամը աշխատող մարդկանց հաշվին լրացնելու փորձեր են»։

Օragir.News–ի հարցին՝ խստացումները կկրճատե՞ն զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը, կամ առհասարակ կա՞ նման խնդիր՝ Կարեն Վրթանեսյանը հակադարձեց՝ իշխանությունների ասածները ոչ մի հիմք չունեն, քանի որ իրենց ոչ մի ասածը ճշմարտություն չէ։ Նա նշեց՝ Հայաստանը երբևէ չի ունեցել այսպիսի ստախոս կառավարություն, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է։

«Ընդհանրապես կարևոր չի՝ իրենք ինչ են ասում։ Իրենք այսօր մի բան են ասում, վաղը՝ 180 աստիճանով հակառակը։ Ոնց կարող եմ մեկնաբանել պաթոլոգիկ ստախոսների ասածները։ Կներեք, բայց հրաժարվում եմ մեկնաբանել պաթոլոգիկ ստախոսների ասածները, բավական է արդեն»,– եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»