Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:36 03-02-2025

Երևանում բոյկոտը շարունակվում է, անզիջում Ավինյանը, Ռոմանոս Պետրոսյանի սուտը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 3-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը: Որոշ դեպքերում վարորդները հորդորում էին 100 դրամ վճարած ուղևորներին ետ վերցնել գումարը՝ հավելելով, որ չվճարող քաղաքացիներին չեն իջեցնի ավտոբուսից: «Բոյոկոտի շրջանակում բոլորին կոչ ենք անում չվճարել ընդհանրապես, մինչև որ կրկին դառնա 100 դրամ»,- նշեց բոյկոտի մասնակիցներից մեկը: Ուղևորներից մեկն էլ նշեց, որ պետք է լինել միասնական՝ նշելով, որ հակառակ պարագայում որևէ բանի չեն հասնի: Նշենք նաև, որ շատ քաղաքացիներ դեռևս երթևեկում են նախապես գնված 100 դրամանոց ուղետոմսերով:

Երևանի ավագանու այսօրվա գործակարգավորական նիստի ընթացքում Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ 100 դրամների համակարգին վերադարձն ուղղակի անհնարին է։ «Փորձ էր կատարվում համակարգը տանել ձախողման, ինչը ձախողվեց։ Վերադարձ միասնական տոմսային համակարգից դեպի 100 դրամների համակարգ, ուղղակի անհնար էր։ 100 դրամի համակարգում մենք ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը։ Երևան քաղաքում շարունակաբար զարգացող հանրային տրանսպորտի համար մեզ պետք են նոր միջոցներ և նոր վճարման մոդելները, որոնք իրականացվել են։ Երևանցիները, այս տրամաբանությունը հասկացել և, ընդհանուր առմամբ, աջակցում են դրան»,- ասել է Ավինյանը համոզմունք հայտնելով, որ որոշմանն ընդդիմացող քաղաքական ուժերի հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ համակարգը կոլապսի տանելը։ Հիշեցնենք՝ ավագանու նախորդ՝ հունվարի 27-ին գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանը բացառում էր, որ սակագների հարցում քաղաքային իշխանությունը հետքայլ կկատարի, սակայն հենց հաջորդ օրը հանրությանը տեղեկացրեց, որ 1 ուղևորության համար կսահմանվի 150 դրամ ուղեվարձը։

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 3-7-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։ Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ են մեկնել նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Կառավարության ղեկավարը այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում չի ունենա։

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակել արցախյան կարգավորման բոլոր միջնորդների պաշտոնական առաջարկներն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները։ Այս մասին իր այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Թող հրապարակի, ՀՀ երրորդ նախագահի թիմը մտահոգվելու բան չունի և, կարծում եմ, ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների թիմերն էլ մտահոգվելու բան չունեն»,- ասաց Շարմազանովը՝ նկատելով, որ երեք նախագահների ժամանակաշրջանում Արցախը եղել է հայկական ու անկախ։ «Սերժ Սարգսյանի բանակցած վերջին պաշտոնական փաստաթուղթը եղել է Կազանյան փաստաթուղթը, որը հրապարակվել է, ու Նիկոլ Փաշինյանն է ասել, որ Կազանյան փաստաթուղթը երբևէ առաջարկված ամենալավ տարբերակն է եղել»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur