Ներքին 1 տարի առաջ - 17:10 20-12-2024

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը

«Հանրապետության hրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում՝ «Խաչքարերի պուրակում» տեղի է ունեցել «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառի բացումը, որը գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը 12:00-22:00: Տոնավաճառին ներկայացված են 10 առանձին սեղաններ՝ ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Միջոցառման բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք: Նախարարն ու մյուս հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացվող ուտեստների պատմությանն ու առանձնահատկություններին, հետաքրքրվել կազմակերպությունների գործունեությամբ:

Տոնավաճառի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումներից մեկի՝ հայկական խոհանոցի հանրահռչակմանը, նորովի արժևորմանն ու կենսունակության խթանմանը:

Հիշատակելով «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» շտեմարանի նոր ենթաբաժինը՝ «Ուտեստների շտեմարանը»՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այնտեղ գրանցված է շուրջ 250 ուտեստ:

«Շատ ենք կարևորում ոչ միայն ուտեստների հավաքագրումը, այլև դրանք մեր կյանքի մի մասը դարձնելն ու այդ ճանապարհով նաև մեր ավանդույթների մասին մարդկանց տեղեկություն փոխանցելը: Օգտագործելով ամանորյա տաղավարային ձևաչափը՝ մեր գործընկերների հետ որոշեցինք այս միջավայրում Տարեմուտի ավանդույթներ ներկայացնել: Միջոցառումն անցկացվում է առաջին անգամ. փորձել ենք հասկանալ՝ ինչպիսին կլինի մարդկանց հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը տոնավաճառին, որպեսզի հաջորդ տարիների համար քննարկենք ներկայանալու այլ ձևաչափեր»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով գործընկերային համագործակցության զարգացումը:

Նա նաև իրազեկել է, որ տոնական օրերի շրջանակում նախատեսվում են Արուճում Հոգևոր երաժշտության փառատոն, իսկ Ջերմուկում՝ Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն, որտեղ ևս լինելու են տաղավարային հատվածներ:

Տոնավաճառի ընթացքում առանձին սեղաններով մեկ մեծ տաղավարում ներկայացվում են հայկական խոհանոցին բնորոշ ուտեստներ և քաղցրավենիքներ, ինչպես նաև ուտեստի պատրաստման վարպետության դասեր (վարպետաց դասերի ժամանակացույց):

Հայաստանում տարեհացը Ամանորի սեղանի համար խորհրդանշական է՝ որպես անհատական և ընտանեկան հաջողությունն ու բարօրությունը ավետող նոր տարվա սկիզբ: Ավանդույթ կա, որ տարեհացի մեջ դրված մետաղադրամը կարող է հաջողություն բերել այն անձին, ում բաժին է հասնում այն:

Միջոցառումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ների հետ համագործակցությամբ:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»