Ներքին 1 տարի առաջ - 12:50 05-12-2024

Համայնքի ղեկավարի թափուր պաշտոնի դեպքում ԺՊ կնշանակի վարչապետը․ նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ առաջարկվում է կատարել լրացում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում՝ նախատեսելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում, եթե համայնքի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոնները թափուր են կամ առկա են խոչընդոտող հանգամանքներ, երեք աշխատանքային օրվա ընթացքում կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար։ Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Անուշ Քլոյանի և Էմմա Պալյանի հեղինակած նախագիծը քննարկվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում։

Հիմնական զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ համամասնական կարգով ձևավորված համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, համայնքի ղեկավարի տեղակալների միասնական հրաժարականից հետո համայնքում ստեղծվում է իրավիճակ, որի հանգուցալուծման համար պետք է ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպել: Իր հերթին, ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է լինելու, որպեսզի տվյալ համայնքն ունենա համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Զեկուցողը նշեց, որ նման իրավիճակ առկա է Գյումրիում:

Հարցի լուծման նպատակով օրենսդրական նախաձեռնության հեղինակներն առաջարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարել լրացում և ամրագրել, որ ՀՀ կառավարության կողմից ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է և, միաժամանակ, թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Հիմնական զեկուցողն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կբացառվի կառավարման ճգնաժամերի առաջացումը, երբ ՀՀ կառավարության որոշմամբ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում միաժամանակ տվյալ համայնքի ղեկավար կամ նրա պաշտոնակատար չլինեն:

Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հիշեցրեց, որ ավագանու ընտրությունների կազմակերպման ընթացքում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով համապատասխան համայնքի ղեկավարին (պաշտոնակատարին) պատվիրակված են կոնկրետ լիազորություններ՝ ընտրական տեղամասերի կազմավորում և տեղամասային կենտրոնների սահմանում, քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի սահմանում ու հատկացում և այլ գործառույթներ: Այսինքն՝ ընտրությունների նախապատրաստման և կազմակերպման փուլում համայնքը չի կարող համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատար չունենալ:

Նախարարը նշեց, որ գործող օրենքով բոլոր դեպքերում քաղաքային համայնքներում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է վարչապետը, իսկ գյուղական համայնքներում՝ մարզպետը: Նախագծով որեւէ նոր փոփոխություն չի կատարվում. անհնարինության դեպքերին ավելացվում է ևս մեկը, որի պարագայում վարչապետին տրվում է լրացուցիչ լիազորություն՝ նշանակելու ժամանակավոր պաշտոնակատար: Սրբուհի Գալյանն առաջարկեց կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին: Այն կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր