Ներքին 1 տարի առաջ - 18:08 29-11-2024

Հակոբ Արշակյանն ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը:

Հակոբ Արշակյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Ղազախստանի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն միջխորհրդարանական բարեկամության ներկայացուցչական խմբի այցը Հայաստան խթան կհաղորդի երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

Նա ընդգծել է, որ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ օրենսդիր մարմինների տեսանկյունից կարեւորագույն երկկողմ նախագծերի իրականացման վրա:

Դրական գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ Հակոբ Արշակյանն իր երախտագիտությունն է հայտնել ղազախական կողմին այս տարվա մայիսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների նպատակով հարթակ տրամադրելու համար:

«Ուրախ եմ նշել, որ Ղազախստանը ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը, ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը, եւ որի նպատակն է նպաստել տարածաշրջանի բոլոր երկրների փոխշահավետ տրանսպորտային համագործակցությանը»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Նա ընդգծել է, որ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը լայն հնարավորություններ է բացում երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ կառուցողական համագործակցության համար, ներառյալ միջազգային խորհրդարանական կառույցների միջոցով փոխգործակցության խթանումը:

Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի եւ ընդունելության համար՝ ընդգծելով, որ այս այցը հիանալի հնարավորություն է քննարկելու համագործակցության օրակարգային հարցեր:

«Մենք հետաքրքրությամբ հետեւում ենք Հայաստանի վարած քաղաքականությանը, տնտեսության զարգացման գործընթացներին: Հայաստանը, վստահորեն, քայլեր է անում դեպի բարեփոխումներ՝ ի շահ ժողովրդի բարեկեցության»,- ասել է Մուկաշ Իսկանդիրովը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացմամբ՝ շեշտելով, որ 2024 թվականի ինն ամիսների ընթացքում այն կազմել է 71,5 մլն ԱՄՆ դոլար:

Կողմերը նշել են, որ առկա է չօգտագործված ներուժի իրացման պահանջարկ:

ԱԺ նախագահի տեղակալի դիտարկմամբ Հայաստանը կարեւորում է Ղազախստանի հետ նաեւ մշակութային եւ հումանիտար ոլորտում համագործակցության զարգացումը: Նա վերահաստատել է մեր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը խթանելու ռազմավարական համագործակցությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»