Ներքին 1 տարի առաջ - 18:08 28-11-2024

ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում. ողջունելով Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Ազգային ժողովում՝ ասել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:

«Մենք հատկապես կարեւորում ենք մեր պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը` հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի դրույթների վրա»,- ասել է Վաղարշակ Հակոբյանը՝ հավելելով, որ անհրաժեշտություն կա մշակել միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների հստակ ալգորիթմ՝ տարբեր հարթակներում համագործակցելու համար:

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Նարեկ Բաբայանը, Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ու Իրինա Գասպարյանը:

«Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմամբ եւ Հայաստանի ու Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ»,- նշել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավարը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է սերտ գործընկերություն զարգացնել Ղազախստանի հետ բոլոր հնարավոր ոլորտներում:

Նա փաստել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել՝ շեշտելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ղազախստանն ունեն խոստումնալից նախագծեր, որոնք կարող են փոխշահավետ լինել:

Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը տեղեկացրել է, որ սա իրենց առաջին այցն է Հայաստան եւ ընդգծել, որ երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորացել է առեւտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ փոխգործակցությունը մշակութային եւ հումանիտար ոլորտներում:

Խոսելով Ղազախստանում ապրող եւ ստեղծագործող հայ համայնքի մասին՝ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ երկու ազգերի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ վաղեմի ավանդույթների վրա:

Մշակութային, գիտակրթական համագործակցության շրջանակում բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է ղազախ հեղինակների հայերեն աշխատությունների հրատարակմանը, ԵՊՀ-ում Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության եւ մշակույթի կենտրոնի գործունեությանը: Նա համոզմունք է հայտնել, որ Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանում հայ մշակույթի, լեզվի, գրականության եւ պատմության կենտրոնի բացումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների փոխգործակցության մշակութային եւ հումանիտար ասպեկտների վրա:

Մուկաշ Իսկանդիրովը եւս փաստել է, որ հայկական համայնքն իր ուրույն տեղն ու դերակատարումն ունի Ղազախստանում:

Բարեկամական խմբի անդամները մեկ անգամ եւս ընդգծել են երկու երկրների հարաբերություններում օրենսդիր մարմինների կարեւորագույն դերը եւ ակտիվ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում