Ներքին 1 տարի առաջ - 17:20 19-11-2024

Նոր տեղադրված վերելակները չեն աշխատում, ոտքով ենք բարձրանում, իջնում․ բնակիչներ

Երևանի շատ հատվածներում բարձրահարկ շենքերի հին վերելակները փոխարինվել են նորերով, սակայն քաղաքացիների պնդմամբ՝ նոր վերելակները շատ վատ են աշխատում, իսկ երբեմն էլ ընդհանրապես չեն աշխատում։

Oragir.News-ը բողոքներ է ստացել Մամիկոնյանց 6/2 շենքի բնակիչներից, որ իրենց շենքում տեղադրված նոր վերելակը չի աշխատում։

«Մոտ մեկ ամիս է, ինչ մեզ մոտ վերելակը փոխել են, բայց այն շատ խափանումներով է աշխատում, մարդիկ երբեմն մնում են դռների արանքում։ Բացի այդ՝ վերելակը օրվա մեծ մասը չի աշխատում, մնում է ինչ-որ հարկում կանգնած։ Մարդիկ ստիպված 9 հարկ ոտքով են բարձրանում և իջնում։ Դիմում եմ քաղաքային իշխանություններին, որ հարցը հասնի Տիգրան Ավինյանին, հասկանալու համար՝ սրանք փչացա՞ծ վերելակներ են, թե՞ սխալ են տեղադրել, անունն էլ դրել, որ վերելակ են փոխել։

ճիշտ է՝ հին վերելակ էր, բայց նախկինում գոնե կարողանում էինք իջնել, բարձրանալ։ Ես՝ ինքս, տարեց կին եմ, ոտքի խնդիր ունեմ, հաց առնելու համար խանութ եմ իջնում, բարձրանում։ Հիմա ինչպե՞ս այդքան հարկ բարձրանամ, իջնեմ»,- Oragir.News-ին ասաց շենքի բնակիչներից մեկը։

Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Բադալ Մուրադյան փողոցի առաջին շենքի բնակիչներից մեկը ևս Oragir.News-ի հետ զրույցում արտահայտեց իր բողոքը․

«Ո՞վ է տեսել՝ 16 հարկանի շենքի վերելակը այդքան հաճախ փչանա։ Երիտասարդ լինեի, բարձրանալու խնդիր չէի ունենա, բայց մեծ մարդ եմ, ոտքերս ցավում են այդքան աստիճան բարձրանալ, իջնելուց։ Փոխում են, լավ են անում, բայց գոնե նորմալ աշխատող վերելակ տեղադրեն, ոչ թե էսպես։ Էլ չեմ խոսում, որ փոխելուց մեկ ամիս չանցած վերելակը փչացավ, ու մի քանի շաբաթ շարունակ օգտվում էինք դիմացի հին, փոքր վերելակից»։

Փորձեցինք կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ պարզաբանում ստանալու համար, սակայն զանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակներից 500-ը այս տարի կփոխարինվեն նորերով:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը