Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:15 31-10-2024

Չբարեկամներն ինչո՞ւ են սարսափում Ֆրանսիայի դրոշից 

Արցախի հարցում Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է։ 44-օրյա պատերազմի օրերին Ֆրանսիան առաջինը փորձեց օգնել Հայաստանին։ Սակայն Նիկոլ Փաշինյանը մերժեց ֆրանսիական հրավերն ու 2020-ի հոկտեմբերի 8-ին չմասնակցեց Ժնևում կազմակերպված հանդիպմանը, նախընտրելով ռուսական միջնորդությունը, որը աղետի պատճառ դարձավ։ Դրանից հետո Ֆրանսիան շարունակեց աջակցել Արցախին ու հայ ժողովրդին՝ ինչքան հնարավոր էր։ ՀՀ-ի դեմ ռուս-ադրբեջանական ագրեսիան կանխելու հարցում ևս նշանակալի է Ֆրանսիայի ներդրումը։

Մոսկվան ու Բաքուն համապատասխանաբար քննադատում են Ֆրանսիային ռուս-ադրբեջանական ագրեսիվ պլանները խափանելու, Հայաստանին պաշտպանելու համար։ Իսկ օրեր առաջ պարզվեց, որ լրջորեն սարսափում են Ֆրանսիայի դրոշից։

Հոկտեմբերի 28-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնել էր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ Ներքին Հանդ կատարած այցի մասին։ Այս այցի վերաբերյալ կադրեր էին հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցները, նշելով, թե ԵՄ դիտորդների մեքենաներից մեկը ֆրանսիական դրոշով է եղել։

«Թվում է, թե Ֆրանսիան արդեն սկսել է բացահայտորեն իր դրոշի ներքո տեղակայել իր հետախուզական ծառայությունների անդամներին ադրբեջանական սահմանին՝ առանց թաքնվելու ԵՄ դրոշի հետևում։ Սա Ֆրանսիայի հերթական քայլն է, որն աջակցում է Հայաստանում ռևանշիստական ուժերին և հրահրում է նոր պատերազմ՝ խաթարելու խաղաղության գործընթացը տարածաշրջանում»,- գրել են Բաքվի լրատվամիջոցները։

Այսպիսով՝ պարզվում է երկու նոր բան։ Առաջինը՝ ադրբեջանցիները խիստ վախենում են Ֆրանսիայի դրոշից։ Երկրորդը՝ Բաքուն կարծում է, թե Ֆրանսիան աջակցում է ռևանշիստական ուժերին։

Դրոշից վախենալու ու նյարդայնանալու պատճառներն ունեն անցյալ և հասկանալի են։ Սակայն հայկական ռևանշիստական ուժերին աջակցելու մասին պնդումը զարմանք է առաջացնում։ Ինչպե՞ս են ռուս-ադրբեջանական հետախույզները պարզել ու Բաքվի լրատվամիջոցներին ասել, որ Ֆրանսիան Հայաստանում աջակցում է ռևանշիստական ուժերին։ Ինչու՞ այդ ուժերի մասին հայ ժողովուրդը ոչինչ չգիտի։

Ադրբեջանցիները, հավանաբար՝ երևակայում են, որ եթե Ֆրանսիան աջակցում է ռևանշիստական ուժերին, ապա կունանա նաև Արցախն ազատագրելու ծրագիր, ճանապարհային քարտեզ՝ քաղաքական, ռազմական, դիվանագիտական բաղադրիչներով։ Հայկական ռևանշից սարսափողը, հավանաբար՝ արդեն պատկերացնում է, թե ֆրանսիական զորքերի ուղեկցությամբ հայերը վերադառնում են Արցախ ու բարձրացնում ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։ Դրանից հետո Ալիևը կորցնում է ժողովրդականությունը, զինվորականները հեղաշրջման փորձեր են անում և այլ սարսափելի բաներ Ադրբեջանի ու ալիևյան կլանի համար։

Ֆրանսիայի ենթադրյալ նախաձեռնությունն Արցախի ազատագրման հարցում հաջողության կարող է հասնել, եթե Արցախի հարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող մարմինը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը աջակցի դրան։ Իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն այդպիսի բան կարող է անել Մոսկվայի կապիտուլյացիայից հետո։ Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանական լրատվամիջոցների բարձրաստիճան ընթերցողները սարսափում են ֆրանսիական դրոշ տեսնելով ու մտածում հայ-ֆրանսիական ռևանշի մասին, քանի որ հավաստի տեղեկատվություն ունեն, որ Բաքվի դաշնակից ՌԴ-ն առաջիկայում մտադիր է կապիտուլյացիա ստորագրել ու հրաժարվել տարածաշրջանում իր ագրեսիվ ու իներցիոն նկրտումներից։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ հավաքելու է փասա-փուսան Հարավային Կովկասից։ Դրանից հետո ռուսական աջակցությունը կորցրած Ադրբեջանը ստիպված է լինելու հայերին վերադարձնել Արցախը։ Եթե ողջամիտ գտնվեն, ապա առանց կռվի կճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Պարզ ասած՝ ադրբեջանցիները համոզված են, որ ֆրանսիական դրոշը Արցախի սահմանին նշանակում է, որ Արցախը շուտով ազատագրվելու է, հայերն այստեղ վերականգնելու են իրենց իշխանությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան