Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:20 11-10-2024

Նոր Ընտրական օրենսգիրքը դժվարացնելու է իշխանափոխությունը

ՔՊ-ական իշխանությունների հավաստիացմամբ՝ ՀՀ քաղաքացին վստահ է, որ ՀՀ-ում ընտրություններն անցնում են ազատ, արդար և թափանցիկ։ 2018-ից հետո իշխանությունները մի քանի անգամ փոփոխել են Ընտրական օրենսգիրքը։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2025-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր Ընտրական օրենսգիրքը, որով փոփոխվելու են մոտ 80 հոդվածներ։ Վենետիկի հանձնաժողովն արդեն դրական եզարակացություն է տվել նախագծին։ Առաջիկայում կազմակերպվելու են հանրային քննարկումներ, որից հետո նախագիծն ուղարկվելու է ԱԺ։ Ինչո՞ւ է ՔՊ-ն ուզում փոփոխել Ընտրական օրենսգիրքը։

Սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ն ցածր վարկանիշ ունի Երևանում և շատ քաղաքներում։ Ակտիվացող ընդդիմադիր շարժումները այլընտրանք են առաջարկում, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, ենթադրաբար՝ կփորձեն պահպանել մանդատները։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխումն ունի գործնական նպատակ՝ ապահովել ՔՊ-ական իշխանության վերարտադրությունը։

Քիչ չեն նաև ապաքաղաքական և անարխիստական մոտեցումների հետևորդները, որոնք դեմ են ոչ միայն ՔՊ-ին, այլև ամբողջ քաղաքական համակարգին, մերժում են նույնիսկ պետության կարևորությունը և թքած ունեն ամեն տեսակ ընտրությունների վրա։ Այս տրամադրությունները նպաստող գործոն են, որպեսզի պոպուլիսատական ուժերը հաջողության հասնեն։ Այսինքն՝ փոփոխություններն անելիս, նկատի են ունեցել, թե ինչպես կարող են անտարբերների, ցածր քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանց գործոնից օգտվել և մեծացնել հաղթելու հավանականությունը։

Ակնառու խնդիրը ընտրությունների ժամանակ ծախսվող ֆինանսական միջոցների վերահսկողությունն է։ ԿԸՀ-ն ձգտում է իր ձեռքում կենտրոնացնել ֆինանսական վերահսկողությունը, նպատակ հետապնդելով բացառել ֆինանսական անվերահսկելի, անհայտ միջոցների ներգրավումը ընտրական գործընթացների վրա։

Մինչ այս փոփոխությունը, յուրաքանչյուր անհատ կարող էր նվիրատվություն կատարել նախընտրական հիմնադրամին։ Շատերն են հիշում, թե ինչ խայտառակ բացահայտումներ տեղի ունեցան վերջին ընտրությունների ժամանակ, երբ ՔՊ-ին գումար փոխանցողները հետո էին իմանում, որ իրենց անունից գումար է նվիրվել ՔՊ-ին։ Առաջարկվող փոփոխություններով՝ միայն կուսակցությունները կարող են հիմնադրամ դրամական մուտքեր անել։ Եթե իշխանություններին հաջողվում է վերահսկել կուսակցությունների ֆինանսական միջոցները, ապա կարող են վերահսկել նաև մրցակիցների միջոցներն ու թաքցնել ՔՊ-ի ֆինանսավորման աղբյուրները։

Այսպիսի փոփոխությունը ՔՊ-ի շահերից է բխում նաև այն պատճառով, որ այսպիսով կարող են մեծացնել ճնշումը կուսակցությունների վրա, սահմանափակել միջոցներ ներգրավելու նրանց հնարավորությունները և ստանալ մրցակցային առավելություն մասնակից մյուս կուսակցությունների նկատմամբ։

Առավել աղմկահարույց է ընտրական իրավունքների խախտումների սուբյեկտիվացումը։ Առաջարկվող փոփոխություններով՝ սահմանափակվում է ընտրախախտումների դեմ պայքարը, մասնավորապես՝ բողոքների և ընտրախախտումների դեպքերի քննությունը։ Այսուհետև քննության է ենթակա միայն այն բողոքը, որն ունի սուբյեկտիվ հիմք։ Այսինքն՝ միայն նա կարող է բողոքել ընտրախախտումների մասին, ում ընտրական իրավունքը խախտվել է։ Քաղաքացին պետք է ապացուցի, որ տվյալ ընտրախախտման հետևանքով խախտվել է իր ընտրական իրավունքը։ Եթե չի կարողանում ապացուցել, ապա նրա բողոքը քննության չի արժանանում։ Օրինակ՝ ԶԼՄ-ի արձանագրած խախտումները, հնարավոր է՝ հաշվի չառնվեն։ Սա թեթևացնում է զանգվածային ընտրախախտումներ անողների գործը։

Առաջին հայացքից՝ ընտրապայքարի ֆինասավորման հարցում այս փոփոխությունները պարունակում են դրական միտումներ։ Օրինակ, եթե միայն կուսակցություններն են ֆինանսավորելու ընտրարշավն, ապա առաջիկայում կուսակցությունների մի մասը ընտրություններից առաջ մեծ ծավալով դրամահավաքներ կարող է իրականանցնել։ Արդյունքում կուսակցությունների գործունեությունը կակտիվանա, նրանք կկարողանան ավելի մեծ ծրագրեր իրականացնել, ավելի լավ ներկայացնել իրենց գաղափարները հանրությանը։ Սակայն գործնականում սա հնարավոր չէ։ Հիմնավոր մտավախություն կա, որ իշխանությունները կարող են ֆիքսել կուսակցությունների դրամական շարժերը և դեռ ընտրություններից առաջ հալածանքներ կիրառել այն գործարարների, անհատ նվիրատուների նկատմամբ, որոնք ֆինանսական միջոցներ կտրամադրեն ՔՊ-ի մրցակից ընդդիմադիր կուսակցություններին։ Եվ արդյունքում՝ ՔՊ-ն դարձյալ առավելություն կունենա, քանի որ միայն ինքը կկարողանա մեծ ծավալի ֆինանսական միջոցներ ներգրավել ընտրապայքարում և կմեծացնի հաջողության հասնելու իր շանսերը։

Ընտրախախտումների սուբյեկտիվացումը նույնպես դրական արդյունք չի ապահովի, քանի որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը իրավական և քաղաքացիական ցածր ինքնագիտակցություն ունի։ Դրա արդյունքում զանգվածային ընտրախախտումների մեծ ռիսկ կառաջանա, օգտվելով անարխիստական, ապաքաղաքական, կիսաքրեական պատկերացումներ ունեցողների պասիվությունից։

Կարճ ասած՝ պարզ է, որ նոր Ընտրական օրենսգիրքը նպատակ ունի ապահովելու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը 2026-ին։ Իսկ վտանգավորն այն է, որ ՔՊ-ի հերթական հաջողության դեպքում կարող է կրկին ակտիվանալ հեղափոխական խոսույթը, իբր ընտրություններով հնարավոր չէ հասնել իշխանափոխության։ Դրանից հետո կրկին կարող են գլուխ բարձրացնել հեղափոխական ուժերը, որոնք միայն աղետ կարող են պատճառել պետությանն ու ժողովրդին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ