Ներքին 1 տարի առաջ - 09:05 01-10-2024

Հոկտեմբերի 1-ին ստուգարք է․ չանցնեն՝ Եվրաքվեն կտապալվի

Բոլորը, նույնիսկ անտարբերները գիտեն, որ հնարավոր չէ իրապես մերձենալ ԵՄ-ին ու միաժամանակ խորացնել ԵԱՏՄ կապվածությունը։ Այս իրարամերժ կուրսը վտանգավոր է, որից առաջին հերթին տուժել ու տուժելու է ժողովուրդը։ Հետևաբար՝ քաղաքական համայնքը, քաղաքացիական հասարակությունը պետք է պարզություն մտցնեն այս հարցում։

Երևանում սեպտեմբերի 30-ին գումարվել է Եվրասիական տնտեսական համաժողովը: Նիստերն ընթացել են պանելային քննարկումների ձևաչափով։ Դրանց մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի բոլոր տեղակալները, ինչպես նաև հասարակական ոլորտային կառույցների ղեկավարներ։ Քննարկել են համագործակցության խնդիրների լայն շրջանակ։

Իսկ հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները։ ՌԴ-ից դրան մասնակցելու է ՌԴ վարչապետ Միշուստինը, որը հոկտեմբերի 1-ին ժամանելու է Երևան։ Հաղորդվում է, որ նիստի ընթացքում ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական հարցեր։

Նկատենք, որ շուրջ 2 տարի ԱԺ նախագահը, ԱԽ քարտուղարը, Փաշինյանը, բազմաթիվ պատգամավորներ հայտարարում են, որ ՌԴ-ն ՀՀ դաշնակիցը չի, ինչն ապացուցվել է 44-օրյա պատերազմի, 2021-ին և 2022-ին ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիաների, Արցախի բռնազավթման ու հայաթափման ժամանակ։ ՀՀ բարձր պաշտոնյաները բազմիցս են հայտարարում, որ ՌԴ-ն չի կատարում պայմանագրային պարտավորությունները բազմաթիվ հարցերում։ Ռուս սահմանապահներն արդեն Երևան թռչող ՌԴ քաղաքացիներին զգուշացնում են, որ ՀՀ-ն ոչ բարեկամ երկիր է։ Այս ամենի ֆոնին զավեշտալի է, որ Երևանում ռուսական դոմինանտությամբ գործող, ռուսական շահեր սպասարկող կառույցի նիստ է գումարվում, որտեղ քննարկում են ինտեգրման խորացման հարցեր։

Որպես ճակատագրի հեգնանք՝ այս օրերին ՀՀ-ում մի քանի կուսակցություններ և նրանց աջակցող հասարակական նախաձեռնություններ ստորագրահավաք են անցկացնում ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցով, ակտիվ քարոզչություն իրականացնում, հանրային միջոցառումներ կազմակերպում, հրապարակավ քննադատում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ռուսական ազդեցությունը չեզոքացնելու ուղղություններով անգործության համար։ Հանրության մի մասը համակրում է այս ուժերին և ակտիվորեն մասնակցում ԵՄ ստորագրահավաքին։ Քիչ չեն նաև կասկածողները, որոնք կարծում են, թե Եվրաքվեն բլեֆ է, նախաձեռնողներն անկեղծ չեն։

Այս իրավիճակը քաոս է հիշեցնում։ Տպավորություն է, թե կա՛մ բոլորը բոլորին խաբում են, կա՛մ ժողովուրդը կորցրել է համարժեքության զգացումը, ազնվությունը, փորձում է ճարպկամիտ ձևանալ՝ սպասարկել ռուսական շահերը, միաժամանակ ձևացնել, թե ուզում է եվրոպացի դառնալ։

Առաջին վարկածը կործանարար է։ Եթե բոլորը բոլորին խաբեն, ապա հասարակությունը շատ արագ կայլասերվի ու երկիրը կկործանվի Սոդոմի նման։ Երկրորդ ենթադրությունը վկայում է հանրության սոցիալ հոգեբանության անառողջության մասին, որը նույնպես աղետալի է։ Սակայն կա լավատեսական ենթադրություն, ըստ որի՝ ժողովուրդը համարժեք չի արձագանքում, քանի որ ուշադիր չէ, բավարար իրազեկված չէ։ Եվ եթե ժողովուրդը իրազեկվի ու ճիշտ ուղղորդվի, ապա կարող է ուղղամիտ վարք թելադրել իշխանություններին։

Մյուս կողմից՝ ոչ միայն Եվրաքվեի նախաձեռնողներն, այլև Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ ՔՊ-ականներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, սոցիոլոգներ համոզված պնդում են, որ ժողովրդի մեծ մասը ԵՄ անդամակցելու կողմնակից է։ Եթե ժողովուրդն իրոք ուզում է, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ, ապա ինչու՞ քաղաքական համայնքը ժողովրդի ցանկությունը հրապարակավ արտահայտելու փոքր առիթներ չի ստեղծում, որ աշխարհն իմանա այդ մասին ու համարժեք արձագանքի հայ ժողովրդի խնդիրներին։

Օրինակ՝ հակագլոբալիստները խաղաղ ցույցեր են անում գլոբալիստական միջոցառումների ժամանակ, ժողովրդավարության կողմնակիցները ցույցեր են անում հակաժողովրդավարական երկրների պատվիրակների մասնակցությամբ միջազգային միջոցառումների ժամանակ։ Այդպես նրանք արտահայտում են իրենց դիրքորոշումը, վերաբերմունքը տվյալ գործչի կամ երևույթի նկատմամբ։ Այդպիսի ցույցերը նորմալ երևույթ են ժողովրդավարական երկրներում։

ԵՄ անդամակցելու ջատագով, ՀՀ անկախության պաշտպան քաղաքական ուժերն ու հասարակական նախաձեռնությունները կարող են հրապարակային դիրքորոշում հայտնել, որ չեն ողջունում Եվրասիական ինտեգրացիայի խորացմանն ուղղված ՀՀ իշխանությունների քայլերը։ Եվ հոկտեմբերի 1-ին Երևանում գումարվող Եվրասիական տնտեսական համաժողովի նիստը լավ առիթ է ապացուցելու, որ ժողովուրդը չի ուզում ԵԱՏՄ, ուզում է Եվրամիություն։

Պարզ ասած՝ ժողովրդավարության ջատագով ուժերը ստուգարքի առաջ են։ Եթե ժողովրդի ակտիվ ներգրավմամբ ապացուցեն, որ ուղղամիտ են ու հաստատակամ, ապա ժողովրդավարական առաջընթացը կապահովվի, ՀՀ դիմակայունությունը կմեծանա։ Եթե աչքաթող անեն Եվրասիական համաժողովը, ապա հնարավոր է՝ կմեծանա Եվրաքվեի տապալման ռիսկը վստահության դեֆիցիտի պատճառով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ