Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 30-08-2024

Սեպտեմբերի 2, թե Դեկտեմբերի 1. Կասյանի ուրվականը շրջում է հետնաբակում

Պատմության մեջ առաջին անգամ Սեպտեմբերի 2-ը նշվում է Արցախի օկուպացման ու հայաթափման պայմաններում։ Այս օրը Երևանում մի շարք միջոցառումներ են նախատեսվում։ Զուգահեռաբար քննարկվում է նաև Դեկտեմբերի 1-ի թեման։ Սեպտեմբերի 2-ը նշել պատրաստվողների մեծ մասը, բազմաթիվ պետական և քաղաքական գործիչներ պնդում են, որ չպետք է փոփոխվի ՀՀ սահմանադրության նախաբանում առկա անկախության հռչակագրին արված հղումը, որտեղ էլ կա հղում Դեկտեմբերի 1-ի որոշմանը։

Հիշեցնենք, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ ընդունել են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում։ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված հռչակագրում գրված է՝ «…հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…»: Իսկ 1991-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունել է հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին։

Արցախի և Հայաստանի համար կարևոր այս երկու իրադարձությունները տարբեր քաղաքական իրականության պատկերներ են և տրամաբանորեն չեն համատեղվում։ 1989-ի դեկտեմբերի 1-ով Արցախը միավորվել է Խորհրդային Հայաստանին։ Իսկ 1991-ի սեպտեմբերի 2-ով Արցախն անկախացել է և հռչակվել ԼՂՀ։ Սկզբունքորեն կարելի է պաշտապանել մեկը կամ մյուսը։ Բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է հավասարապես պաշտպանել և՛ մեկը, և՛ մյուսը։

Իրարամերժ քաղաքական պատկերներ կան նաև քաղաքական իրականության այլ հարթություններում։ Օրինակ՝ 2023-ին Երևանում Կասյան փողոցն անվանափոխվեց Վազգեն Ա Վեհափառի անվամբ։ Հիշեցնենք, որ Կասյանը բոլշևիկ էր, մարտնչող անաստված, գործում էր Հայաստանի անկախության և ժողովրդի դեմ։ Իսկ Վազգեն Ա-ն ժողովրդի կողմից սիրված, Հայաստանին ու ժողովրդին մեծ նվիրումով ծառայած անվանի հոգևորական է եղել, կաթողիկոս։ Այս երկու կերպարների հակասականությունն ակնհայտ է։ Փողոցի անավափոխումից հետո Երևանի քաղաքապետարանը մի քանի նոր վահանակներ փակցրեց, սակայն հին ցուցանակները մնացին։ Շենքի պատերին տևական ժամանակ կողք կողքի փակցված էին և՛ Վազգեն Ա-ի, և՛ Կասյանի անունները։ Հանրային բազմաթիվ քննադատություններից հետո այս իրարամերժ իրավիճակը շտկվեց, Կասյան անունով ցուցանակները վերացվեցին շենքի փողոցային կողմի պատերից։ Տպավորություն ստեղծվեց, թե ողջամտությունը հաղթանակել է։ Սակայն օրեր առաջ պարզ դարձավ, որ բակի կողմից այս փողոցի շենքերի պատերից չեն հեռացվել Կասյանի անունով ցուցանակներն, ավելին՝ նորոգվել են։ Այսինքն՝ արտաքինից շենքի հասցեն Վազգեն Ա Վեհափառի է, իսկ բակի կողմից Կասյանի։ Պատկերավոր ասած՝ ՀՀ-ի դեմ գործած, բոլշևիկ, անաստված Կասյանը շարունակում է ապրել հետնաբակում, թաքնվելով անցորդներից։

Պարզապես գրոտեսկ է առաջացնում արդեն 33 տարի անկախ Հայաստանում խորհրդային բռնազավթման շրջանը խորհրդանշող բազմաթիվ փողոցների, տեղանունների, արձանների առկայությունը։ Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս են բարձրագույն պաշտոնյաները հանգիստ անցնում հայտնի բոլշևիկի անունը կրող Ամիրյան փողոցով, ծաղիկներ դնում ՀՀ տարածքները դե յուրե Ադրբեջանին հանձնելու հարցերում ուղղակի պատասխանատու Մյասնիկյանի արձանի մոտ, բայց դրանից հետո մեծ ոգևորությամբ խոսում Հայաստանի անկախության և այն պաշտպանելու պայքարի մասին։ Անկախ Հայաստանում Հայաստանի անկախության հակառակորդ, խորհրդային դրածո Մյասնիկյանին մեծարելը առնվազն ողջամիտ չէ։ Տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ քաղաքականություն մշակողը կա՛մ չի հասկանում այս քաղաքական երևույթների իրարամերժությունը, կա՛մ առաջնորդվում է քաղաքական ողջամտությանն անծանոթ սկզբունքներով։

Արցախի վերաբերյալ քաղաքական նշանակություն ունեցող երկու կարևոր և իրարամերժ իրադարձություններին հավասարապես վերաբերվելը նույնպիսի գրոտեսկ է առաջացնում։ Այնինչ՝ Արցախի ազատության և արցախահայերի վերադարձի վերաբերյալ ռացիոնալ ծրագրեր մշակողները պետք է զերծ պահեն ժողովրդին գրոտեսկներից, քանի որ դրանք կարող են բացասաբար ազդել սոցիալ հոգեբանության վրա և վատ հետևանք ունենալ ժողովրդի և պետության համար։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ