Մշակույթ 2 տարի առաջ - 21:42 08-07-2024

Քո «Մթնաձորում» թախիծ է ծորում․ այսօր Ակսել Բակունցի հիշատակի օրն է

1937թ. փետրվարի 22-ին՝ մռայլ մի երեկո, Ակսել Բակունցը բանտարկվեց։ Լուրը պայթեց ռումբի նման։ Շարունակությունը պարզ էր․ լավագույն դեպքում՝ աքսոր կամ անխուսափելին՝ գնդակահարություն։ Նորությունը թնդաց նաև գրողի հայրենի Գորիսում։

Սերո Խանզադյանն իր հուշերում պատմում է այդ օրերի մասին։

«Հայրս դրսից տագնապով եկավ տուն, փլվեց թախտին, ահուդողով ասաց.

– Ակսելին բռնե՜լ են...

-Գիտեմ, հայր,— ասացի ես։ — Լսեցի ռադիոյով:

– Տուններս քանդվե՜ց,— մղկտաց հայրս:— Ակսելի գրքերը թաքցրու: Քաղաքում տնետուն ընկած նրա գրքերը հավաքում վառում են:

Ապրում ենք Լենինի փողոցի 21 տանը: Մերից մի փոքր վերև է Ակսելենց տունը: Երեկոյան Ստեփան դային մտավ մեր տուն:

– Նիկոլայ, արաղ տուր:

Ոչ ոք ոչ մի բառ չասաց, կարծես սգատան մեջ ենք: Գնալուց առաջ Ստեփան դային հառաչեց:

– Երանի՜ թե տղաս չոբան լիներ, Նիկոլայ, տավարած լիներ: Տանը մնացած լիներ, որ էդ օրին չհասներ:

Նա գնաց: Նրա ծնկները ծալվում էին: Կարծես դիակ դուրս եկավ մեր տնից: Հանկարծ ճամփին չընկնի...»։



Բակունցի նախնական քննությունն ավարտված էր, սպասում էր: Նա մեղադրվում էր 11 հոգու հետ, որոնք իբր թե ունեցել են տեռորիստական խմբակ՝ Բերիայի և պետության մյուս ղեկավարների դեմ տեռոր իրականացնելու նպատակով։ Նրա վրա դրված է եղել մեղադրական 4 հոդված, որոնցից ամեն մեկը նախատեսում է մահապատիժ։

Մահապատիժը չուշացավ․ 1937 թ․ հենց այս օրը Ակսել Բակունցը գնդակահարվեց․․․



«Տաս-տասներկու տարեկան մի թմբլիկ, խոնարհ տղա է իջնում մեր փողոցն ի վար՝ դեպի դպրոց: Ակսել Բակունցի տղան է՝ Սևադան: Տատը՝ Բոխճի բիբին խանդաղատանքով նայում է նրա հետևից.

– Աստվա՜ծ, դու անփորձ պահես էս անհեր-անմեր մնացած բալիս:

Գիտեմ, Սևադայի մորը՝ Վառվառա Չիվիջյանին Երևանից աքսորել են... Ստեփան դային մեջքից երկտակվել է, ոչ խոսում է, ոչ հանդ գնում, սև քար՝ սև քարի վրա: Միայն երբեմն հառաչում է հորս մոտ.

– Ժամանակները բարի չեն, Նիկոլայ:



Այդ տարվա աշնանը ես հեռուներից տուն եկա: Հայրս չկար: Գնացի Ստեփան դայուն այցի:

– Հորդ էլ տարան, որդիս,— ցավով ասաց նա: Ժամանակները բարի չեն:

Մի տարի հետո, մի հինգ-վեց հարևանի հետ, Ստեփան դայու դագաղն ուսներիս տարանք գերեզմանատուն»,-պատմում է Սերո Խանզադյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում