Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:08 23-06-2024

Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը

«Միմինո» հայ-վրացական մշակութային խոհանոցային փառատոնը հունիսի 22-ին խորհրդանշական վայրում՝ Դիլիջանում, իր շուրջ էր համախմբել հարյուրավոր մարդկանց, որոնք հնարավորություն ունեին քաղաքի կենտրոնում համտեսել համեղ ուտեստներ և ծանոթանալ պատրաստման եղանակներին:

Փառատոնի ավելի քան քառասուն տաղավարում, խոհանոցներից բացի, ներկայացված էին գյուղական բերքն ու բարիքը, ձեռքի աշխատանքներ՝ տիկնիկներ, զարդեր, աքսեսուարներ: Տոնական մթնոլորտն ամբողջացնելու համար ցուցահանդես-վաճառքին զուգահեռ նաև համերգային ծրագիր էր կազմակերպվել. ելույթներ էին ունենում Հայաստանի ու Վրաստանի պարային խմբերը, երգիչները։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց՝ փառատոնի նպատակն է երկու երկրների մշակութային ժառանգությունը հանրության լայն շրջանակին ներկայացնելու միջոցով երկխոսություն ծավալել հարևան, բարեկամ ազգերի միջև, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

«Ցանկանում ենք ցույց տալ երկու ազգերի մշակութային ժառանգության համադրելիությունը և դրանով նաև շահույթ ապահովել և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար: Իրականում երկու երկրների մշակույթների հետ կապված հարցեր կան, որոնք շահարկվում են ոչ կոմպետենտ շրջանակում, և մենք ուզում ենք մասնագետներով պարզաբանել որոշ հարցեր: Մասնագիտական շրջանակում հասկանում են, որ հնարավոր չէ հազարամյակներով ապրել կողք կողքի, հարաբերվել, շփվել, լինել բարեկամ և ինչ-որ բան չվերցնել իրարից կամ չտալ: Մեր միջև նմանությունները, ընդհանրությունները մեր ընդհանուր հարստությունն են»,- շեշտեց Մամուլյանը:
Նրա խոսքով՝ ավաղ, վրացական տաղավարները դեռ քիչ են: «Եթե առաջին տարին մենք ունեինք վեց մասնակից, ապա այս տարի 12 տաղավար է մասնակցում Վրաստանից: Բոլորը չէ, որ խոհանոց են ներկայացնում: Վստահ եմ՝ հաջորդ տարի խոհարարների թիվը մեծանալու է»,- նշեց Սեդրակ Մամուլյանը:

Միջոցառումը կազմակերպվել է Դիլիջանում, քանի որ թեման «Միմինո» ֆիլմն է, որի գլխավոր դերերում հանդես են եկել սիրված դերասաններ Մհեր Մկրտչյանն ու Վախթանգ Կիկաբիձեն: «Մենք պետք է Դիլիջանում անպայման բացենք ծորակը, ասենք, որ այն աշխարհում երկրորդն է: Երբ վրացական կողմը նախաձեռնի «Միմինո» փառատոնը, այն կանցկացվի Թելավիում, քանի որ «Միմինո»-ի գլխավոր հերոսը Թելավիից էր: Կարծում եմ՝ այդ կինոնկարում լավագույնս են ներկայացվել մեր առանձնահատկություններն ու ընդհանրությունները, մեր աշխարհընկալումները»,- շեշտեց Մամուլյանը:

Վրաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Լևանի Կոբիաշվիլին շատ կարևորեց փառատոնի անցկացումը, քանի որ այն խորհրդանշում է Մհեր Մկրտչյանի և Վախթանգ Կիկաբիձեի բարեկամությունը: «Մենք մտածեցինք այս փառատոնը, որ շարունակենք երկու ժողովուրդների բարեկամությունը: Հույս ունենք, որ Թելավիում ևս կանցկացնենք այս փառատոնը»,- ասաց նա:

Կոբիաշվիլին կարծում է՝ հայկական և վրացական ուտեստների անուններն են նման, բաղադրիչները, սակայն համերը շատ են տարբերվում: «Ես սիրում եմ հայկական խոհանոց և հաճախ եմ այցելում այստեղ, համտեսում ձեր ավանդական ուտեստները: Դուք հրաշալի խոհարարներ ունեք, որոնք հրաշքներ են ստեղծում»,- շեշտեց Կոբիաշվիլին:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ նշելով, որ փառատոնը խորհրդանշում է երկու երկրների բարեկամությունը, եղբայրությունը, մշակութային երկխոսությունը:

Փառատոնին ամփոփվեցին նաև միջոցառման շրջանակում կազմակերպված հայ և վրացի խոհարարների միջև մրցույթի արդյունքները: Հայաստանի խոհարարները պատրաստել էին Տավուշին բնորոշ, վրացական կողմը՝ իր նախընտրած կերակրատեսակները։ Առանձնացվել էին տոլման ու խինկալին:

Փառատոնն անցկացվեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ