Ներքին 2 տարի առաջ - 18:48 07-06-2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի վեցերորդ նիստը:

Կոմիտեի անդամներին ներկայացվել են նախագնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը, որոնք են՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցումը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացումը, ժամանակակից ստանդարտներով դատարաններ և նախակլինիկական և տրանսլացիոն հետազոտությունների գիտափորձարարական կենտրոնի, կլաստերի ստեղծումը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցման նախագծի շրջանակում նախատեսվում է 1500 մետր երկարությամբ գծի և շուրջ 150 մետր մետրոկամուրջի կառուցում: Տիգրան Ավինյանի խոսքով, հիմնական աշխատանքն արվելու է կամուրջի կառուցման տեսանկյունից, կայարանը տեղակայվելու է Թումո ստեղծարար կենտրոնի հարևանությամբ:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացման նախագիծը ներկայացնելիս, նշվել է այն աշխատանքների շրջանակը, որը նախատեսվում է նախագծով: Ըստ այդմ՝ նախատեսվում են նոր վագոնների ձեռքբերում, ազդանշանման, կենտրոնացման և բլոկավորման համակարգի արդիականացում, հոսանքի մալուխի փոխարինում, նոր շարժասանդուղքների, ռելսերի ձեռքբերում, հաստոցային տնտեսության արդիականացում, հոսանքի համակարգերի փոխարինում, մետրոյի գծի դետալների ձեռքբերում, մետաղական կոնստրուկցիաների փոխարինում և այլն:

Հաջորդիվ՝ ծավալվել է քննարկում, ներկայացվել են դիտարկումներ նախագծերի վերաբերյալ՝ ճանապարհատրանսպորտային հոսքերի կառավարման, սոցիալ-տնտեսական ազդեցությունների տեսանկյունից:

Կարևորելով Երևանի մետրոպոլիտենի զարգացումն ու ընդլայնումը՝ վարչապետն ընդգծել է, որ ներկայացված ներդրումային նախագծերը կհաստատվեն տնտեսական հիմնավորվածության վերաբերյալ վերլուծությունը քննարկելուց հետո:

Այնուհետև, ի կատարումը ժամանակակից ստանդարտներով դատարաններ ունենալու վարչապետի հանձնարարականի՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մշակված ժամանակակից ստանդարտներով դատարանների նախագիծը: Դրանով առաջարկվում է դատարանների շենքերի միասնական ստանդարտների մշակում, դատարանի շենքի ներքին կառուցվածք՝ փակ, բաց, սահմանափակ գոտիներ, նիստերի դահլիճներ, աշխատասենյակների նախագծում և գույքային ապահովության ստանդարտներ, դատարանի մեկ միասնական տիպային մոդելի մշակում, ըստ մասնագիտացումների և ատյանների, ՀՀ բոլոր դատարանների շենքերի գույքագրում և առկա վիճակի գնահատում, թվային ենթակառուցվածքի նախագծում և կազմակերպում, շենքային բաշխվածության նոր և արդյունավետ քարտեզի մշակում և չորս հիմնական դատարանների վերակառուցում կամ կառուցում: Նշվել է, որ նախագծով կլուծվեն հետևյալ հիմնական խնդիրները՝ դատարանների անհավասար շենքային պայմաններ, պատշաճ գոտիավորման բացակայություն, դատական համակարգի գրավչության բացակայություն, որակյալ կադրերի անհավասար բաշխվածություն, ծախսաարդյունավետ կառուցակարգերի բացակայություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դիզայնը որոշակի վարքագծային կանոն է ենթադրում և արդարադատության նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նաև այս կոմպոնենտի միջոցով: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության խնդիրն է՝ ստանդարտ սահմանել, որով դատարանի և դատավարության կողմերի նկատմամբ պատշաճ վերաբերմունք կձևավորվի:

Կոմիտեի անդամների քննարկման արդյունքում նախագիծը հաստատվել է:

Նախակլինիկական և տրանսլացիոն հետազոտությունների գիտափորձարարական կենտրոնի, կլաստերի ստեղծման նախագիծը ներկայացվել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի կողմից: Ըստ այդմ՝ նախագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում նախակլինիկական հետազոտությունների կենտրոնի և դրա շուրջ հետազոտական կլաստերի ստեղծումն է: Որպես նախագծի գլխավոր հիմնավորում՝ ներկայացվել է դեղագործության զարգացման հնարավորության ստեղծումը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ դիտարկել ներկայացված նախագիծը մասնավորի հետ համագործակցությամբ իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև կատարել մասնագիտական փորձաքննություն և արդյունքները ներկայացնել կոմիտեի հաջորդ նիստին:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur