Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:56 07-05-2024

Հոգևոր սպասավորները չեն կարող անհաղորդ մնալ ժողովրդի անհանգստություններին․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ

Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։

Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման:

Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին:

Մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք արդար մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով և դրսևորել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից: Հասարակական կարգի պահպանության համար պատասխանատու ծառայություններից ակնկալում ենք բացառապես օրենսդրությանը խիստ համապատասխան գործելաոճ։

Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները: Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։

Ազգային մեր արժանապատվությունը, հայրենի պետության և սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը պետք չէ տեղի տան անհուսության, անհանդուրժողության և երկչոտության, թշնամանքի և ատելության առջև։

Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։

Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը և մեր ժողովրդի կյանքից ներս զորացնի սիրո, համերաշխության ու միաբանության ոգին: Ամեն:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի