Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:00 27-03-2024

Ներխուժում են անձնական տարածք. եթե ավերակ գտնեն, ապա կհանձնեն

Անպատասխանատվությունը բնորոշ է վատ մարդկանց։ Երբ պետության ղեկավարներն են անպատասխանատու վարք դրսևորում, ապա տեղի են ունենում աղետներ, կորուստներ, հետընթաց, ճգնաժամ և այլ վատ, բացասական բաներ։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մարտի 25-ին տեղեկացրեց, որ նախատեսում են նոր տեսախցիկներ տեղադրել փողոցներում, որոնք նկարելու են ավտոմեքենայի սրահը, պարզելու՝ վարորդն ամրագոտի կապե՞լ է, թե՞ ոչ։ Նկատենք, որ ՍԴ որոշում կա, որով ավտոմեքենայի սրահը համարվում է անձնական տարածք, հավասարեցված է բնակարանին։ Եվ իրավապահ մարմինը մարդու անձնական տարածքում տեսանկարահանում կարող է անել բացառապես դատարանի համապատասխան որոշմամբ։ ՔՊ-ական իշխանությունը կարծես՝ հաշվի չի առնում, որ ավտոմեքենայի սրահը նկարելով, խախտում է մարդու իրավունքները։ ՆԳՆ-ին հավանաբար թվում է, թե ՀՀ քաղաքացիների հետ կարող է վարվել, ինչպես ուզենա, առանց որևէ մեկին հաշիվ տալու։

Ամոթալի և ստորացուցիչ իրավիճակ է էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված։ Շատ բուժառուներ չեն կարողանում առցանց դեղատոմս ձեռք բերել և մնում են առանց անհրաժեշտ բուժօգնության, վնասվում է նրանց առողջությունը, մահացու ռիսկեր են առաջանում։ Այս արագայում էլ Առողջապահության նախարարությունն է խախտում է մարդու՝ բուժում ստանալու իրավունքը։ Այս պաշտոնյաների մտքով էլ չի անցնում, որ որևէ մեկը կարող է դատի տալ ՀՀ կառավարությանը, մեղադրելով մարդու առողջությանը միտումնավոր վնաս պատճառելու մեջ։

Անպատասխանատու վերաբերմունքն առկա է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատանքում։ Մասնավորապես՝ ամիսներ առաջ վերակառուցվեց Մաշտոցի պողոտայի գետնանցումն այնպես, որ գարնանային թեթև անձրևների հետևանքով գենանցումում կես մետր խորությամբ ջրափոսեր գոյացան։ Հավանաբար՝ այս պարագայում ևս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի հարկատուների միջոցներն անարդյունք վատնելու, թերի շինարարություն անելու համար։

Անպատասխանատու գործելաոճի արտահայտություն է ֆեյքերի ֆաբրիկան։ Ասում են, թե կեղծ օգտանուններով գրում են ՔՊ-ական կին և կնաբարո պատգամավորները, որոնք անպատիժ ու անպատասխանատու կերպով ատելություն են տարածում սոցցանցերում, վախի մթնոլորտ ստեղծում, քաղաքացիների անձնական տվյալներ հրապարակում, խուլիգանաբար անպարկեշտ արտահայտություններ անում և այլն։ Եթե Նիկոլ Փաշինյանին համացանցում հայհոյելու համար մարդկանց կալանավորում են, ապա ինչո՞ւ են աչք փակում համացանցում «հայտնի» ֆեյքերի խուլիգանական գրառումների վրա։ Իսկ եթե լրատվական կայքերը տարածեն ֆեյքերի գրառումները, բազմապատկելով խուլիգանությունն ու մարդու իրավուքնների խախտումները, ապա այդ պարագայում ո՞վ է պատասխանատու։

Անպատասխանատու գործելաոճը սովորական դարձավ 44-օրյա պատերազմից հետո, երբ պարտության պատասխանատվությունը բարդում էին այլ մարդկանց և ուժերի վրա։ 2021-ին, 2022-ին թշնամիների ներխուժումների և ՀՀ այդ հատվածներում պարտությունների պատասխանատուները ճաղերի հետևում չեն։ Ազատ գյուղում 15 զինվորի այրվելու պատասխանատուներ նույնպես չկան։ Ռուս սահմանապահների ինքնիրավչության փաստերով ևս ոչ ոք պատասխանատու չի։ Շղթան կարելի է շարունակել։ Եվ հույս չկա, որ քննադատությունների ազդեցությամբ ՔՊ-ն կարող է փոխվել։ Ավելին՝ կառավարությունն արդեն անպատասխանատու ներխուժում է անձնական սահմաններ։

Հարկ է գիտակցել, որ անձնական տարածք ներխուժելու, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերն անձնական խնդիրներ չեն, հանրային, քաղաքական, նույնիսկ՝ քաղաքակրթական նշանակություն ունեն։ Այսօր անպատասխանատու կերպով նկարում են ավտոմեքենայի սրահը, վաղը կփորձեն մարդկանց ննջարանում նկարել։ Երեկ անորակ շինարարարության վրա մսխել են հարկատուների միջոցները, այսօր նոր հարկեր կսահմանեն ու կբարձրացնեն եղածը։ Երեկ խոցելի են դարձրել պետական սահմանները, այսօր արդեն ներխուժում են մարդու անձնական տարածք։ Եվ եթե գնտեն, որ մարդու անձնական տարածքն ավերակ է հիշեցնում, ապա կարող են հանձնել չբարեկամին, ինչպես ուզում են հանձնել ՀՀ փաստացի հսկողության տակ գնտվող Տավուշի որոշ ավերակ ու ամայի տարածքները, մեծացնելով ՀՀ խոցելիությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում